երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՌԴ-ից բերված դասագրքերի բաշխումը չի կասեցվել, դրանք ուղարկվել են փորձաքննության, որը օրենքի պահանջն է. ԿԳՄՍՆ

ՌԴ-ից բերված դասագրքերի բաշխումը չի կասեցվել, դրանք ուղարկվել են փորձաքննության, որը օրենքի պահանջն է. ԿԳՄՍՆ

Չի արգելվել որեւէ դասագրքի մուտք դպրոցներ, ընդամենը այդ դասագրքերը ներկայացվել են փորձաքննության, ինչը ՀՀ հանրակրթության մասին օրենքի պահանջ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեցին ԿԳՄՍ նախարարությունից՝ մեկնաբանելով ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովի հայտարարությունը, թե Հայաստանի ԿԳՄՍՆ-ն կասեցրել է Ռուսաստանի կողմից դպրոցներին նվիրաբերված ռուսալեզու դասագրքերի բաշխումը դպրոցներին:

Նախարարությունից նշեցին, որ «Հանրակրթության մասին» օրենքով ցանկացած նյութ, դասագիրք, մեթոդական ձեռնարկ, կամայական ուսումնական նյութ, որը մտցվում է դպրոց, ենթարկվում է փորձաքննության, նրա համապատասխանությունը Հայաստանի կրթական չափորոշիչներին՝ մասնագիտորեն հիմնավորելու նպատակով: Դա արվել է նաեւ այս պարագայում, եւ շատ արագ այդ դասագրքերը, որոնք ուղարկվել են ռուսական կողմից եւ նախատեսված են Հայաստանում գործող ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար, սահմանված կարգով կանցնեն փորձաքննություն եւ կտրվեն դպրոցներին:

Նշենք, որ այդ փորձաքննությունն իրականացնում է Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոն հիմնադրամը:

ԿԳՄՍՆ-ից նաեւ հայտնեցին, որ առաջին անգամ չէ, որ նաեւ ռուսերենով դասագրքերը փորձաքննության են ուղարկվում, բայց հիմա հատկապես դա կարեւոր է, քանի որ Հայաստանում ներդրվել է հանրակրթության նոր չափորոշիչը:

«Այս դեպքում մենք խոսում ենք ռուսական կողմից ուղարկված ոչ թե ռուսերենի դասագրքերի, այլ մյուս առարկների դասագրքերի մասին: Մենք ունենք ռուսերենով ուսուցմամբ դասարաններ, որտեղ ռուսերենով իրականացվում է, օրինակ, մաթեմատիկայի, կենսաբանության եւ այլ առարկաների ուսուցումը:

ՀՀ-ում կրթություն ստացող երեխան, անկախ նրանից, թե ինչ լեզվով է կրթություն ստանում, կրթական նույն արդյունքը պետք է ունենա: Խոսքը սրա մասին է: Հնարավոր չի թույլ տալ, որ հայկական դասարանում կրթական այլ վերջնարդյունք կամ այլ բովանդակություն լինի, ռուսերենով ուսուցմամբ դասարանում՝ այլ: Միեւնույն է, դրանք բոլորը պետք է նույն ծրագրի շրջանակում լինեն: Այդ նպատակով է փորձաքննությունը արվում»,-ասացին նախարարությունից:

  • Կիսվել: