կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քութեշով հիվանդացության որոշակի ակտիվություն նկատվում է, սակայն մտահոգության առիթ չկա. մասնագետ

Քութեշով հիվանդացության որոշակի ակտիվություն նկատվում է, սակայն մտահոգության առիթ չկա. մասնագետ

 Հայաստանում ընթացիկ տարվա հունվարին քութեշով հիվանդացության գրանցված դեպքերի թիվը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ մի փոքր աճել է․ հիվանդացության որոշակի ակտիվություն նկատվում է, սակայն մասնագետները դա մտահոգիչ չեն համարում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ Ռուբեն Գրիգորյանը նշեց, որ քութեշը վարակիչ հիվանդություն է և հաճախ փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Այն ունի ընդհանուր ինֆեկցիոն հիվանդություններին և իրեն բնորոշ տիպային ախտանշաններ:

«Քութեշը  սուր վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է անգինայով, ընդհանուր ինտոքսիկացիայով, տենդով և առատ մանր կետավոր ցանով: Հիվանդությունը սկզբնական շրջանում  արտահայտվում է ջերմության արագ բարձրացմամբ, տկարությամբ, թուլությամբ, գլխացավով: Ջերմության բարձրացման հետ միասին ի հայտ է գալիս նաև ցավ կլման ժամանակ»,- ասաց բժիշկ Գրիգորյանը:

Ըստ նրա՝ քութեշ հիվանդությունը հիմնականում հանդիպում է մինչև 18 տարեկան անձանց շրջանում, առավելապես բարձր հիվանդացություն գրանցվում է 2-ից 10 տարեկանների շրջանում:

Մասնագետը նշեց, որ հիվանդությունը կարող է նաև դիտվել 18 տարեկանից բարձր անձանց մոտ, ովքեր նախկինում չեն վարակվել, և, հետևաբար, իմունիտետ չի ձևավորվել։

  • Կիսվել: