երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննչական գործողության կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման վկայականը կտրամադրվի անժամկետ, հստակեցվում են ոլորտի կարգավորումները. «Փաստ»

Քննչական գործողության կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման վկայականը կտրամադրվի անժամկետ, հստակեցվում են ոլորտի կարգավորումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2020 թ. հունիսի 9-ի N 847-Ն որոշման մեջ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է անչափահասի, անգործունակի, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանը որակավորված հոգեբանի ներգրավման պահանջ: N 847-Ն որոշումը վերաբերում է հոգեբանների որակավորման կարգին, որոշման կիրառման արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ: Մասնավորաբար, չկան հոգեբանի որակավորման վկայականի գործողության ժամկետի, դրա գործողության դադարեցման, հոգեբանի մասնագիտական աշխատանքային ստաժի պահանջի վերաբերյալ կարգավորումներ, առկա են անհարկի բարդեցված ընթացակարգեր և անհստակություններ: Անհրաժեշտ է համարվում շտկել գործընթացն այն արդյունավետ ու պարզ իրականացնելու, որակյալ կադրեր ներգրավելու համար: Քննչական կոմիտեի տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2024 թ.-ին մոտավոր հաշվարկով կարիք կլինի նվազագույնը 25 որակավորված հոգեբանի:

 

Ներկայում որակավորված հոգեբանները 33-ն են, արտահերթ որակավորման ստուգմանը մասնակցելու համար ներկայացված դիմումների քանակը 11-ն է, ստուգումը նախատեսված է իրականացնել 2023 թ. նոյեմբերի 22-ին: Բացի դա, 25 հոգեբանի որակավորման վկայականը դադարելու է գործել 2024 թ. հունվարի 1-ից, ուստի կանխատեսվում է, որ 2024 թվականի համար ներկայիս պայմաններում հնարավոր չի լինի ապահովել որակավորված հոգեբանների նշված քանակը, և, ըստ այդմ, որպես միջանկյալ լուծում, անհրաժեշտ է երկարաձգել արդեն իսկ փորձառություն ունեցող 25 հոգեբանի որակավորման վկայականների գործողության ժամկետը, որպեսզի ապահովվի քննչական գործողությունների պատշաճ իրականացումը: Նախագծի ընդունումից հետո հնարավոր կլինի նոր կարգով ձեռնամուխ լինել հոգեբանների ներգրավմանը, ըստ անհրաժեշտության կվերանայվեն նաև որակավորման դասընթացների վերաբերյալ կարգավորումները:

 

Այսպիսով՝ առաջարկվում է հստակ սահմանել, որ որակավորման վկայականը տրամադրվում է անժամկետ՝ միևնույն ժամանակ նախատեսելով դրա գործողության կասեցման ու դադարեցման դեպքեր, խթանել առավել մասնագիտացված կադրերի ներգրավումը, օրինակ՝ դիմորդի համար նախատեսվել է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման, մասնագիտական առնվազն մեկ տարվա ստաժ ունենալու պահանջ և այլն: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման առավել մշակված, համակարգային, արդյունավետ ու հստակ կարգավորումներ»:

 

Մանրամասները՝  օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: