շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Քննարկվել են ճանապարհային երթևեկության անվտանգությանն առնչվող հարցեր

Քննարկվել են ճանապարհային երթևեկության անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են՝ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանն անցկացրել է խորհրդակցություն‚ որի ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում‚ Արարատի‚ Արմավիրի և Կոտայքի մարզերում ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները‚ ինչպես նաև դրանց նվազեցման քայլերը։ Մասնակցում էին Երևանի քաղաքապետարանի‚ մարզպետարանների‚ Ներքին գործերի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների‚ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է նշված տարածաշրջաններում ճանապարհատրանսպորտային պատահարների‚ դրանց պատճառների վիճակագրությունը։

Քննարկվել է երթևեկության կազմակերպմանը‚ ճանապարհների կահավորմանն առնչվող հարցեր‚ նշվել են միջոցառումները‚ որոնք պետք է ուղղվեն երթևեկության անվտանգության ապահովմանն ու ՃՏՊ-ների թվի նվազեցմանը։

Առանձին անդրադարձ է եղել ճանապարհների ընթացիկ սպասարկման հարցերին‚ համայնքների ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմաներին։ Քննարկվել է ՀՀ միջպետական‚ հանրապետական և տեղական նշանակության ճանապարհներին ճանապարհային նշանների‚ անվտանգության այլ տարրերի անհետացման խնդիրը։ Ընդգծվել է‚ որ պետք է հետևողական լինել այս ուղղությամբ ու առկա բոլոր գործիքներով պայքարել այդ երևույթի դեմ՝ անհետացման փաստը շատ արագ արձանագրել‚ տալ իրավական ընթացք ու վերականգնել նշանները։

Նշվեց‚ որ պետք է գույքագրվեն խնդիրներն ու դրանք լուծվեն միջգերատեսչական համագործակցության միջոցով։ Ե՛վ ՆԳՆ-ի‚ և՛ ՏԿԵՆ-ի‚ և՛ Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին երթևեկության անվտանգության բարձրացման‚ ճանապարհների սպասարկման հարցերում մեթոդական‚ մասնագիտական աջակցություն ցուցաբերել մարզերի գործընկերներին։

  • Կիսվել: