շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Քննարկվել են Հայաստանում կայանալիք սեյսմիկ անվտանգության թեմայով տարածաշրջանային աշխատաժողովի նախապատրաստական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանում կայանալիք սեյսմիկ անվտանգության թեմայով տարածաշրջանային աշխատաժողովի նախապատրաստական աշխատանքները

Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին այցելել է Ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի Գառնիի երկրաֆիզիկական դիտարան։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
 
 
Ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի ակտիվ խզվածքային գոտիները, Սպիտակի երկրաշարժի դասերն ու սեյսմիկ խոցելիության նվազեցմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ՊՈԱԿ-ի ընթացիկ ծրագրերը, սարքավորումների արդիականացման գործընթացը, արտերկրում երիտասարդ մասնագետների վերապատրաստման հեռանկարները։
 
Քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք սեյսմիկ անվտանգության թեմայով տարածաշրջանային աշխատաժողովի նախապատրաստական աշխատանքները։
 
 
Ռոբերտ Ֆլոյդը բարձր է գնահատել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Գառնիի IRIS/GNI սեյսմիկ կայանի դերը ոչ միայն աշխարհում տեղի ունեցող խոշոր երկրաշարժերը, այլև միջուկային գաղտնի փորձարկումները գրանցելու և դրանց վերահսկողությունն ապահովելու հարցում։ 1991 թվականից Գառնիի IRIS/GNI սեյսմիկ կայանի գրանցած տվյալներն արբանյակային կապով փոխանցվում են նաև Ալբուքերքի սեյսմոլոգիական լաբորատորիա (ԱՄՆ) և CTBTO-ի միջազգային կենտրոն (Ավստրիա)։
 
 
Պատվիրակության անդամները շրջել են դիտարանի թունելախորշում, ծանոթացել իրական ժամանակում սեյսմիկ տվյալների գրանցման գործընթացին։
 
«Ուրախ ենք, որ տարածաշրջանում կա այսպիսի կառույց, որն անխափան և բարձր որակով տվյալներ է գրանցում։ Կարծում եմ՝ դեռ միասին անցնելու բավական երկար ճանապարհ ունենք»,- նշել է գործադիր քարտուղարը։

  • Կիսվել: