երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննարկվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող միջազգային փաստաթուղթը

Քննարկվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող միջազգային փաստաթուղթը

Հայաստանի Հանրապետությունը 2007 թ. ստորագրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան» եւ կամընտիր արձանագրությունը, սակայն 2010 թ. հոկտեմբերի 22-ին վավերացրել է միայն կոնվենցիան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Կամընտիր արձանագրությունը կոնվենցիայի մշտադիտարկման մեխանիզմներից է, լուծում է կոնվենցիայով բավարար չկարգավորվող հարցեր: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը:

«Մշտադիտարկումն ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն, որի անդամներն անկախ փորձագետներ են: Կոմիտեն է քննարկում մասնակից պետությունների կողմից պարբերաբար ներկայացվող զեկույցները եւ դրանց հիման վրա աշխատում պետությունների հետ»,- ընդգծել է զեկուցողը:
 

Փոխնախարարի խոսքով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացումը թույլ կտա ամրապնդել Հայաստանի եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի հետ փոխգործակցությունը` բարձրացնելով մարդու իրավունքների ոլորտում ՀՀ միջազգային հեղինակությունը:

Հարցը Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ քննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 14-ի արտահերթ նիստում եւ ստացել դրական եզրակացություն:

  • Կիսվել: