կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քննարկվել է «Բարեվարքության դեսպանները Հայաստանում» ծրագիրը

Քննարկվել է «Բարեվարքության դեսպանները Հայաստանում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցիչներին:

Հանդիպմանը քննարկվել է ծրագրի շրջանակում նախատեսվող «Բարեվարքության դեսպանները Հայաստանում» ծրագիրը, որն իրականացվելու է «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի կողմից։ Ծրագրի նպատակն է զարգացնել կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության վերաբերյալ կրթությունը ՀՀ ուսհաստատություններում՝ ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ համատեքստում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և ընդգծել ծրագրի բաղադրիչների կարևորությունը. «ԿԳՄՍ նախարարությունը մշտապես կարևորում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, որում բազմաթիվ հաջողված փորձեր կան: Այս ծրագրի իրականացման համար ևս մեր գերատեսչությունն առաջնային շահակից գործընկեր է: ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, մեծ թվով շահառուներ ունի, և այս համատեքստում հատկապես կարևորում ենք բարեվարքության մուտքը կրթական համակարգ: Կարծում եմ՝ ծրագրի հաջողությունը նախևառաջ կախված է կրթական խնդիրների հասցեագրումից, ընթացակարգերի քարտեզագրումից»:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագիրը նախապես ներկայացնել փորձաքննության և երաշխավորման՝ առանցքային համարելով դրա համապատասխանությունը կրթության ռազմավարությանն ու նախանշված հիմնական ուղղություններին:

ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցիչները նշել են, որ կարևորում են նախագծի՝ պետական քաղաքականությանը համահունչ լինելու հանգամանքը՝ որպես ճիշտ առաջընթաց ունենալու երաշխիք:

«Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակում քննարկվել են դպրոցներում ուսուցիչների և աշակերտների ներգրավմամբ բարեվարքության ներդրման, կոռուպցիայի կանխարգելման, բուհական բարեվարքության և բուհական համակարգի օրենսդրական բարեփոխումների աջակցությանը վերաբերող հարցեր:

Նախանշվել են ծրագրի մանրամասներն աշխատանքային կարգով քննարկելու անհրաժեշտությունը և հետագա համագործակցության հեռանկարները:

  • Կիսվել: