Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կան վիրավորներ
Երեկ՝ օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Քարակերտ-Արտենի-Գյումրի H17 ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արա Պողոսյանը և Ստեփան Անտանոսյանը։Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի, Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։



