Քանի բալանոց երկրաշարժը Երևանում ավերածություններ կանի. մանրամասնել է ՆԳՆ Սեյսմիկ ծառայության տնօրենը
«Երևանի սեյսմիկ վտանգը քարտեզի վրա համարվում է 9 բալանոց։ Նախկինում՝ Խորհրդային միության ժամանակ, սեյսմիկ վտանգը ՀՀ ամբողջ տարածքի համար թերագնահատված է եղել»:Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ Սեյսմիկ ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը։
«Եթե այսօր ունենք 8, 9 և 10 բալանոց գոտիներ, ապա Խորհրդային միության քարտեզի համապատասխան՝ ունեինք ընդամենը 2 գոտի՝ 7 և 8 բալանոց, հետևաբար շենքերի՝ բնակֆոնդի մեծ մասի կառուցապատումն իրականացվել է 7 և 8 բալի համար: Շենքերը կառուցված են ավելի ցածր սեյսմիկ վտանգի համար, քան պետք է: Հետևաբար, եթե ունենանք 9 բալանոց երկրաշարժ՝ համարելով, որ Երևանը գտնվում է 8 բալանոց գոտում, կլինեն հետևանքներ»,- նշեց Սոս Մարգարյանը:
Նրա խոսքով՝ Երևանի համար կա երկու խզվածք, մեկը գտնվում է քաղաքի հյուսիս-արևմտյան մասում և Գառնիի խզվածքը. «Երևանի խզվածքի պոտենցիալը համեմատաբար փոքր է, քան Գառնիինը։ Հնարավոր հետևանքների մասին խոսելիս պետք է հիշել նաև գրունտային պայմանները, շենքերի խորությունը, երկրաշարժի խորությունը, այս բոլոր գործոնները կարող են ունենալ ազդեցություն»:


