ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քաղպաշտպանության հարցերն ԱԻ նախարարի ուշադրության կենտրոնում են (տեսանյութ)

Քաղպաշտպանության հարցերն ԱԻ նախարարի ուշադրության կենտրոնում են (տեսանյութ)

Արարատի մարզում 9 նոր շչակ է տեղադրվել, վերանորոգվել է 42-ը: Բնակչության ազդարարումն իրականացվում է լոկալ սկզբունքով: Համաձայն հաշվարկների՝ մարզի ողջ տարածքում ձայնածածկումն ապահովելու համար անհրաժեշտ է 142 էլեկտրաշչակ, որից 87-ն է առկա:

2021 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության արդյունքում նախատեսվում է ավելացնել էլեկտրաշչակների թիվը: Այս մասին զեկուցել է Արարատի մարզային փրկարարական վարչության պետը՝ մարզպետարանում կայացած նիստի ընթացքում՝ ամփոփելով նախորդ տարվա կատարված աշխատանքները:

Արարատի մարզային Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների շտաբի պետերի հետ 2020 թվականին անցկացվել են հրամանատարական պատրաստության պարապմունքներ: Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով՝ մարզային փրկարարական վարչությունը մարզպետարանի քաղաքաշինության վարչության և քաղաքային համայնքների ներկայացուցիչների հետ ուսումնասիրել և ճշգրտել է պաշտպանական կառույցներին բնակչության ամրագրման հաշվարկները, գրանցել առկա խնդիրները, իրականացվել են նկուղների մաքրման աշխատանքներ: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հանձնարարել է առավելագույն ուշադրություն դարձնել բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման գործողություններին, վերացնել թերությունները:

Նիստի ընթացքում ելույթներով են հանդես եկել նաև Արարատի մարզպետը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության և Արարատի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ներկայացուցիչները:

Նախարարը հորդորել է անցնել գործնական քայլերի, լինել հետևողական, որպեսզի կարողանան քաղպաշտպանության ոլորտում դրական տեղաշարժեր գրանցել:

 

  • Կիսվել: