շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Քաղցկեղի վերաբերյալ նախկին ընկալումը չկա, որ դա անբեկանելի դատավաճիռ է. Փաշինյան

Քաղցկեղի վերաբերյալ նախկին ընկալումը չկա, որ դա անբեկանելի դատավաճիռ է. Փաշինյան

Պարտադիր բժշկական ապահովագրության նպատակը լինելու է քաղցկեղի հիվանդության հայտնաբերումը վաղ փուլերում, որն ավելի վաղ փուլերում ավելի արդյունավետ բուժում է տրամադրում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին, կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերը կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս է։

«10-ից ավելի բժշկական կենտրոններ հիմա իրականացնում են պետական ծրագրով սքրինինգային հետազոտություններ, և ապահովագրության փաթեթում էլ ներգրավված լինելու են նման ծրագրերը»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրազեկման տեսանկյունից ճիշտ կլինի նաև վիճակագրություն հրապարակել, թե վաղ հայտնաբերման քանի տոկոսի դեպքում է հիվանդությունը կանխարգելվում ու բուժվում:

«Քաղցկեղի հետ կապված մեր իմացությունը ժամանակի ընթացքում մեծանում է, և հիմա ընդհանրապես ամբողջ աշխարհում քաղցկեղի վերաբերյալ այն նախկին ընկալումը չկա, որ դա անբեկանելի դատավաճիռ է: Իհարկե, բարեբախտաբար, շատ են դեպքերը, երբ հիվանդությունը բուժվում և հաղթահարվում է, բայց, իհարկե, սրանում շատ էական նշանակություն ունի վաղ հայտնաբերումը, և այդ առումով այս ծրագիրն իսկապես կարևոր է:

Նաև, ցավոք, կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում տարածված ձևերից մեկն է, և շատ կարևոր է՝ հանրային պատշաճ միջավայր ձևավորենք, որպեսզի քաջալերենք մեր կանանց, որպեսզի հաճախակի կամ սահմանված ժամանակահատվածում այդ հետազոտությունն անցնեն»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման շնորհիվ խնդիրն ավելի ինստիտուցիոնալ հենքի վրա կդրվի:

Ավանեսյանն արձագանքեց՝ սքրինիգրային ծրագրերի հատվածական ներդրումը, վիրահատությունների՝ պետական պատվերով փոխհատուցումները, որոշակի դեղորայքի տրամադրումն արդեն իսկ վիճակագրության վրա շատ լավ ազդեցություն են ունեցել:

«Մենք 2023 և 2024 թվականի տվյալներով ունենք մահացության նվազում քաղցկեղի հիվանդությունների պարագայում: Մենք ունենք հայտնաբերման ավելացում, բայց մահացությունների թվի կրճատում, ինչը լավ ընթացք է, և սա է մեր նպատակը, որ մենք հնարավորինս վաղ հայտնաբերենք, հնարավորինս շատ հայտնաբերենք բոլոր դեպքերը, և ճիշտ բուժման արդյունքում ունենանք լավ ելքեր»,- ասաց նա:

  • Կիսվել: