չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ապահովագրության մեխանիզմների կիրառման հնարավորությունները

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ապահովագրության մեխանիզմների կիրառման հնարավորությունները

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Կենտրոնական բանկի և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են քաղաքաշինության բնագավառի լիցենզավորվող գործունեություններում ապահովագրության ներդրման հնարավորությունները։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը տեղեկացրել է քաղաքաշինության ոլորտի կազմակերպությունների լիցենզավորման և մասնագետների հավաստագրման գործընթացներում իրականացված արմատական փոփոխություների մասին, որոնք գործելու են այս տարվա դեկտեմբերի 17-ից։ Զուգահեռաբար շարունակվելու է ենթաօրենսդրական ակտերի մշակումը, որոնց շրջանակում դիտարկվում է նաև քաղաքաշինության բնագավառում իրականացվող գործունեության կանոնակարգման նպատակով ապահովագրության մեխանիզմի կիրառումը։ Ապահովագրությունը պետք է լինի օժանդակող գործիք քաղաքաշինության բնագավառում որակյալ արդյունք ստանալու համար, միաժամանակ չպետք է խոչընդոտներ ստեղծի գործող կազմակերպությունների և ոլորտ նոր մուտք գործող ընկերությունների համար։ Ներկայում շինարարական մեծածավալ ծրագրերի պայմաններում կոմիտեն՝ որպես քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմին, շահագրգռված է հնարավորինս նպաստավոր պայմաններ ստեղծել ոլորտի ներկայացուցիչների համար,-ընդգծել է Դավիթ Գրիգորյանը՝ անդրադառնալով շինարարական ծրագրերի ընթացքում ծագող խնդիրներին։

Ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ապահովագրման հնարավոր մի քանի տարբերակներ: Դիտարկվել են արդեն իսկ իրականացվող ապահովագրության տեսակները, որոնք հիմնականում վերաբերում են մասնագիտական գործունեությունների ապահովագրմանը: Ապահովագրական ծառայությունների մատուցմամբ զբաղվող մասնագետները ներկայացրել են նաև այլ երկրներում շինարարական աշխատանքների ապահովագրման հետ կապված օրինակներ։ Միաժամանակ հաշվի առնելով ոլորտային յուրահատկությունը՝ որոշվել է առավել մանրամասն ուսումնասիրել արտերկրի փորձը և Հայաստանում քաղաքաշինական գործունեության վերաբերյալ վիճակագրական տվյալների համադրությամբ ուրվագծել ապահովագրության խելամիտ տարբերակներ։

Կենտրոնական բանկի գործընկերների անմիջական ներգրավմամբ և մասնագիտական ուղղորդմամբ կոմիտեն շարունակելու է ապահովագրության մեխանիզմների վերաբերյալ քննարկումները:

  • Կիսվել: