ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների միջև քաղաքաշինության բնագավառում համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների միջև քաղաքաշինության բնագավառում համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի հետ՝ քննարկելու երկու երկրների միջև քաղաքաշինության բնագավառում համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր։

Գործակցության ուղղությունները նախանշելու նպատակով դիտարկվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ու Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարության միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու հնարավորությունը:

Արմեն Ղուլարյանը դեսպանին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրագործվող շինարարական առանցքային ծրագրերն ու կոմիտեին վերապահված գործառույթները՝ անդրադառնալով այդ ծրագրերում հարևան պետության ներուժի հնարավոր ներգրավմանը․ «Մենք կարևորում ենք եղբայրական Վրաստանի հետ պատմականորեն ձևավորված կապերի խորացումը նաև քաղաքաշինության ոլորտում։ Մեր երկրները շատ ընդհանրություններ ունեն, որոնք թույլ են տալիս միմյանց հետ համաքայլ ընթանալ քաղաքաշինության զարգացումը խթանելու և համատեղ ծրագրեր իրականացնելու ճանապարհին»։

Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու պետություններում անցկացվող ոլորտային ցուցահանդեսներին ու համաժողովներին պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների մասնակցությունը, քաղաքաշինության ոլորտում փորձի փոխանակումը, միջբուհական ծրագրերի իրականացումը։ Կողմերը մտքեր են փոխանակել նորմատիվատեխնիկական, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի ներդաշնակեցման ուղղությամբ: Առանձնակի ուշադրության են արժանացել սեյսմակայուն շինարարության հարցերը։
Կոմիտեի ղեկավարը դեսպան Գիորգի Շարվաշիձեին առաջարկել է հաջորդ հանդիպմանը ծանոթանալ նաև Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գործունեությանը։

  • Կիսվել: