հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քաղաքապետարանը ստացել է «Սուրմալու» ԱԿ-ի պայթյունի հետևանքով վնասված շինությունների քանդման դիմում

Քաղաքապետարանը ստացել է «Սուրմալու» ԱԿ-ի պայթյունի հետևանքով վնասված շինությունների քանդման դիմում

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով շինություն էր փլուզվել: Սեպտեմբերի 21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել այն մասին, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել էր:

Հասկանալու համար արդյոք «Սուրմալուի» պայթյունի հատվածում կան շինություններ կամ շինության հատվածներ, որոնք այսօր էլ ունեն փլուզման վտանգ ՝ Zarkerak.am-ը կապ հաստատեց ԱԻՆ-ի հետ: ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մեզ տեղեկացրեց, որ այս պահին իրենք այդ տարածքում որևէ գործառույթ չունեն, սակայն ԱԻՆ-ի եզրակացության մեջ հստակ նշել են, որ խնդրահարույց հատվածներ կան և ինքնափլուզման վտանգ կա։

«Դրանով պայմանավորված առաջարկել ենք, որ 14 մետր պահվեր անվտանգության գոտի այդ տարածքում և քաղաքացիների մուտք ու ելքն այդ հատված առհասարակ արգելվեր, որ եթե փլուզում լինի՝ կողքին գտնվող խանութներին վնաս չլինի»,-ասաց Կոստանյանը:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով տեղի ունեցած փլուզումից հետո սեպտեմբերի 2-ին ԱԻՆ սեյսմիկ ծառայությունն իրականացրել է ակնադիտական հետազննություն՝

«Մի շարք խնդիրներ է արձանագրվել և այդ խնդիրներն ուղարկվել է 4 գերատեսչությունների՝ Երևանի քաղաքապետարանին, Ոստիկանությանը, Քննչական կոմիտեին և Քաղաքաշինության կոմիտեին»,- նշեց ԱԻՆ մամուլի խոսնակը:

Հայկ Կոստանյանն ընդգծեց, որ այս պահին «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հատվածում գործառույթ ունի միայն սեփականատերը.

«Սեփականատերը, իմ ունեցած տեղեկատվությամբ, դիմել է կազմակերպության, որպեսզի ապամոնտաժման նախագիծ ներկայացնեն, նաև տեղյակ եմ, որ նախագիծն արդեն կա: Պետք է արդեն «Սուրմալուի»-ի սեփականատերը դիմի քաղաքապետարան, որպեսզի ապամոնտաժման թույլտվություն ստանա ու սկսի ապամոնտաժման աշխատանքները, բայց թե երբ կստանա թույլտվությունն ու կսկսի ապամոնտաժումը՝ արդեն չեմ կարող ասել»,- նշեց Հայկ Կոստանյանը:

Zarkerak.am-ը Երևանի քաղաքապետարանից փորձեց ճշտել, թե արդյոք քաղաքապետարանում ստացել են դիմում քանդման թույլտվություն տալու համար:

Քաղաքապետարանի լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ տարածքի սեփականատիրոջ կողմից դիմում ներկայացվել է:

«Այս պահին քաղաքաշինական համապատասխան գերատեսչությունը քննարկում է դիմումի բովանդակությունը»,- ասացին քաղաքապետարանից ու հավելեցին, որ այժմ «Սուրմալուի» այդ տարածքում քանդման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:

Լրատվության վարչությունից նաև հայտնեցին, որ բուն քանդման աշխատանքները կմեկնարկեն քանդման թույլտվության օրինական ուժ ստանալուց հետո:

«Հիմա արագ ընթացքով անհետաձգելի աշխատանքներն են արվում, որպեսզի նաև հող նախապատրաստվի հիմնական քանդման աշխատանքների համար: Թե կոնկրետ որքան կլինի քանդման թույլտվությունների քանակը, միասնական կլինի, թե՞ մի քանիսով կլինի՝ այս պահին չենք կարող ասել, որովհետև դեռևս քննարկման փուլում է այդ ամենը»,- հայտնեցին քաղաքապետարանից:

Մեզ փոխանցեցին նաև, որ քաղաքապետարանը հնարավորինս արագ ընթացակարգով է տալու քանդման թույլտվություն․ 

«Մեր նախնական տեղեկություններով դրանք մինչև տարվա վերջ պետք է մեկնարկած լինեն»,-հայտնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից 16 մարդ է զոհվել, այդ թվում՝ 5 տարեկան երեխա և հղի կին, ավելի քան վեց տասնյակ մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, մեկ մարդ համարվում է անհետ կորած։ Պայթյունի 10-րդ օրը որոնողականա աշխատանքները դադարեցվեցին, անհետ կորած համարվող Վանիկ Ամիրխանյանի դին այդպես էլ չհայտնաբերվեց։   

  • Կիսվել: