շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քաղաքապետարանը նվերներ ընդունել է, բայց ոչ Սամվել Ալեքսանյանից. խոսնակ

Քաղաքապետարանը նվերներ ընդունել է, բայց ոչ Սամվել Ալեքսանյանից. խոսնակ

Քաղաքապետարանը գաղտնի նվերներ չի ընդունել որևէ մեկից, իսկ Սամվել Ալեքսանյանից առհասարակ նվեր չի ընդունել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով ավագանու «Լույս» խնբակցության այն հայտարարությանը, թե քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից բեռնատարներ է նվեր ստացել և դա հանրությունից գաղտնի է պահել։

Կարապետյանը շեշետեց. «Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Եթե պարոն Ալեքսանյանը կամ որևէ գործարար ապագայում կորոշի օժանդակել քաղաքային իշխանությանը, քաղաքը միայն շնորհակալ կլինի դրանից»:

Հակոբ Կարապետյանը նաև հավելեց, որ քաղաքային իշխանությունը նվերների դիմաց որևէ արտոնություն չի տրամադրում բիզնեսին։

Կարապետյանը չհերքեց` կան անհատներ և գործարարներ, որոնք նվիրատվություն արել են քաղաքապետարանին, սակայն զերծ մնաց անուններ հնչեցնելուց․ «Կա նվիրատվություն, որի մասին մենք խոսել ենք: Դրանք ոչ միայն աղբատարներներ են, այլ նաև շինտեխնիկա, ձնամաքրող տեխնիկա, որոշ դեպքերում բնակմակերես և այլն: Առաջիկայում նվիրատվություն կատարած անձանց և ընկերություններին քաղաքապետը շնորհակալագրեր է հանձնելու»։

  • Կիսվել: