երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Քաղաքապետարանը նախաձեռնել է Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները

Քաղաքապետարանը նախաձեռնել է Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները: Գործընկեր կառույցների աջակցությամբ կհավաքվեն ու կհամադրվեն քաղաքում առկա անհրաժեշտ բոլոր տվյալները, որոնք էլ կդառնան հիմք՝ նախագիծը կյանքի կոչելու համար: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

«Գլխավոր հատակագիծը ներկայացնում է Երևանի զարգացման գլխավոր ռազմավարությունը, քաղաքի գլխավոր քաղաքաշինական հիմքն է: Այսօրվա քննարկումից հետո բավականին արագ կերպով  կսկսենք համախմբել բոլորիս ուժերը, որպեսզի ստանանք Երևանի զարգացման տեսլականը»,- նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:   

«Կադաստրի կոմիտեն, հանդիսանալով տարածական տվյալների ենթակառուցվածքի և գեոդեզիայի ու քարտեզագրության ոլորտը համակարգող պետական լիազոր մարմին, պատրաստակամություն է հայտնել որոշակի տեղեկատվության փոխանակման ու Երևանի կադաստրային քարտեզներն ուղղելու ու սահմանները ճշտելու գործում»,- ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: 

Ըստ աղբյուրի՝ քաղաքի ռազմավարական զարգացումն ապահովող կարևորագույն այս փաստաթուղթն արդեն հնացած է, չի համապատասխանում առկա պահանջներին: Ավելին՝ տարիներ շարունակ անկանոն կառուցապատման հետևանքով առաջացել են տարատեսակ շեղումներ: 

«Ուղղակիորեն բարդությունից վախենալով և այս բեռը չվերցնելով՝ մենք ավելի ու ավելի կխորացնենք Երևանում արդեն իսկ առկա խնդիրները»,- ընդգծել է քաղաքապետը: 

«Գլխավոր հատակագծի առաջադրանքը մշակման փուլ է անցել, քաղաքապետը կնայի, ու հավանության արժանանալու դեպքում այն կներկայացվի ավագանու հաստատմանը: Ես ողջունում եմ և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանին ու քաղաքապետին, որ նախաձեռնեց ու հիմա արդեն իրականություն է դարձել այս գործընթացը»,- նշել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:

Նշվում է, որ «Երևաննախագիծ»-ն այժմ նախապատրաստական աշխատանքներ է տանում: Համայնքի ու գործադիրի թիմին կմիանա նաև Ճարտարապետների պալատը: 

«Սա բոլոր առումներով նպաստելու է քաղաքաշինական ծրագրերին, ավելի կարգավորված շինարարություն, ինչպես նաև ճանապարհային ու տրանսպորտային ցանց ունենալուն: Սա խորքային ու հիմնային աշխատանք է, որի կարևորությունը դժվար է գերագնահատել»,- նկատել է Տիգրան Ավինյանը: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ նախաձեռնությունը պատասխանատու է՝ նախատեսված Երևանի առաջիկա տասնամյակների համար: Այն կլինի քաղաքի համաչափ և անընդհատ զարգացումն արտահայտող թվայնացված մի փաստաթուղթ:  

  • Կիսվել: