ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Քաղաքական և բարոյական պատասխանատվության համար պետք է պարզել գործի բոլոր հանգամանքները․ ՔՊ-ականը՝ Ազատ գյուղի կացարանի հրդեհի մասին

Քաղաքական և բարոյական պատասխանատվության համար պետք է պարզել գործի բոլոր հանգամանքները․ ՔՊ-ականը՝ Ազատ գյուղի կացարանի հրդեհի մասին

Իմ տեսակետը հետևյալն է՝ ես միայն հավատում եմ քրեական գործով ձեռք բերված փաստերին և ապացույցներին, եթե տարբեր խոսակցություններ լինում են, դրանք պետք է քրեական գործում ներառվեն որպես ցուցմունք կամ վարկած, որը հետագայում պետք է հաստատվի կամ մերժվի:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողի տված ցուցմունքին՝ ասաց ՔՊ խմբակցության պատագամավոր Արմեն Խաչատրյանը:

Նա նշեց, որ մինչև քրեական գործով բոլոր հանգամանքները չպարզվեն, ինքը որևէ բան չի կարող ասել։ 

Ըստ Խաչատրյանի՝ քննական մարմիններից որևէ մեկը չի ասել, որ զինվորները քնած են եղել, թե՝ արթուն. «Փրկարար ծառայության աշխատակցի ասածը որևէ հիմնավորում չունի, նա պետք է համապատասխան մարմիններին տվյալներ հայտնի, թե որտեղից են իրեն հայտնի այդպիսի հանգամանքները»:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք քաղաքական պատասխանատվություն լինելու է դեպքի առթիվ, պատգամավորն ասաց. «Քաղաքական և բարոյական պատասխանատվության համար պետք է պարզել գործի բոլոր հանգամանքները, պետք է պարզել մեղավորության աստիճանը և նոր դրանից հետո գնահատական տալ: Անգամ քաղաքական պատասխանատվության հիմքում պետք է դրվեն օբյեկտիվ հանգամանքներ, որը կարող է ձեռք բերվել միայն քննությամբ: Մենք առայժմ հստակ չգիտենք, թե ինչ է կատարվել, բոլոր հանգամանքները պարզ չեն, միանգամից քաղաքական պատասխանատվության մասին խոսելը կարծում եմ վաղ է»:

Թե ինչու սգո օր չհայտարարվեց, Խաչատրյանը շեշտեց. «Մենք հիմա գտնվում ենք հիբրիդային պատերազմի մեջ, մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով կառավարությունը սգո օր չի հայտարարել: Ես վստահ եմ, որ այդ հանգամանքները բավականին հիմնավոր են»:

Արմեն Խաչատրյանը  անդրադարձավ  նաև այն հարցին, թե արդյոք կացարաններում հիմա ստուգումներ իրականացվում են. «Դեպքից հետո էլ, առաջ էլ մի շարք հրահանգներ են եղել անվտանգային կանոնների պահպանման հետ կապված: Հիմա էլ իհարկե մոնիթորինգ է իրականացվում, բնական է, որ այդ ստուգումները շատ ավելի ինտենսիվ են ընթանում»:

  • Կիսվել: