հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Քաղաքացիների տվյալների պաշտպանությունը՝ վիզաների ազատականացման գործընթացի առանցքում

Քաղաքացիների տվյալների պաշտպանությունը՝ վիզաների ազատականացման գործընթացի առանցքում

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Սիվիլնեթին տված հարցազրույցում անդրադարձել է բնակչության միասնական և անվտանգ էլեկտրոնային գրանցամատյանի ստեղծման պահանջին՝ մասնավորապես նշելով․

«Առաջին հերթին պետք է հասկանալ, որ միասնական և անվտանգ էլեկտրոնային գրանցամատյանի ստեղծման նպատակը նոր տվյալներ հավաքագրելը չէ։ Խոսքը պետության կողմից արդեն իսկ վարվող տվյալների կառավարման նոր որակ ապահովելու մասին է՝ երաշխավորելով դրանց ամբողջականությունը, փոխգործելիությունը և, ամենակարևորը, պաշտպանվածությունը։

Առանց նման ենթակառուցվածքի այսօր հնարավոր չէ ապահովել ժամանակակից թվային պետական ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ կենսաչափական փաստաթղթերի համակարգի լիարժեք աշխատանքը։

Հենց այդ նպատակով կենսաչափական փաստաթղթերի թողարկման ծրագրի շրջանակում կառուցվում է միջազգային բարձրագույն չափանիշներին համապատասխանող տվյալների կենտրոն, որը կունենա eIDAS սերտիֆիկացում և կհամապատասխանի ISO 27001 ստանդարտի պահանջներին։

Հայաստանի համար սա բացառիկ նշանակություն ունեցող ենթակառուցվածք է։ Նման որակի ենթակառուցվածքները մեր երկրում դեռևս սահմանափակ են։ Խոսքը տվյալների պաշտպանության նոր նշաձող սահմանելու, գործընթացների կազմակերպման բարձր կարգապահության և հստակ մշակված կառուցակարգերի մասին է։ Սա նոր մոտեցում է, որն ուղղված է միաժամանակ և՛ քաղաքացու, և՛ պետության շահերի պաշտպանությանը։

Կարևոր է նաև, որ տվյալների կենտրոնը ծառայելու է ոչ միայն կենսաչափական փաստաթղթերի համակարգին, այլև Բնակչության պետական ռեգիստրին և մի շարք այլ տեղեկատվական համակարգերի։

Այս պահին Հայաստանի տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի գործընկերների հետ իրականացվում են անհրաժեշտ տեխնիկական ենթակառուցվածքի գնահատման և նախագծման աշխատանքներ։ Առաջիկայում ձեռք կբերվեն բոլոր անհրաժեշտ սարքավորումները՝ հրապատներ, ցանցային անվտանգությունն ապահովող երթուղիչներ, ինչպես նաև ծրագրային և վեբ անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ լուծումներ, լիցենզիաներ և բաժանորդագրություններ։

Մշակվող և շահագործվող բոլոր ծրագրերը Հանձնաժողովի գործընկերների կողմից անցնում են համապատասխան կիբերանվտանգային ստուգումներ։

Միաժամանակ ձևավորվում են նաև ինստիտուցիոնալ երաշխիքներ։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կառուցվածքում կստեղծվի նոր մասնագիտացված ստորաբաժանում, որը շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով, համապատասխան ծրագրային միջոցների կիրառմամբ կհետևի տվյալների ամբողջականության, անվտանգության և պաշտպանվածության ապահովմանը։

Այսպիսով, մենք ստեղծում ենք ոչ միայն կենսաչափական նոր համակարգ, այլև տվյալների պահպանման և պաշտպանության ամբողջական էկոհամակարգ՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան»։

  • Կիսվել: