«Փյուր լենդը» չի կատարել իր պարտավորությունները. ընկերությունը հանվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ռեեստրից
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 4–ի նիստում որոշեց հանել «ՓՅՈՒՐ ԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրից և դադարեցնել շահագործողների ռեեստրում ընկերության ներառվելու վկայականի գործողությունը։
Հիմնավորման մեջ նշվում է, որ «Փյուր լենդ» ՍՊԸ-ն ներառվել է «ՄԵՂՐԻ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում՝ արտադրաարդյունաբերական ոլորտում գործունեության իրականացման, մասնավորապես՝ սննդամթերքի փաթեթավորման գործարան կառուցելու համար: Շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանվել է 10 տարի:
Ընկերության կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված հերթական հայտարարագրերի թվային ցուցանիշների ուսումնասիրումից պարզ է դարձել, որ ընկերությունը գրեթե ամբողջությամբ չի կատարել իր կողմից սկզբնական հայտարարագրով ստանձնած պարտավորությունները, սահմանված ժամկետում չի վերացրել շեղումները և այդ մասին տեղեկատվություն չի ներկայացրել։


