շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՊՎԾ-ն մշտադիտարկում է պետական գերատեսչություններում քաղաքացիների դիմում-բողոքների ընթացակարգերը

ՊՎԾ-ն մշտադիտարկում է պետական գերատեսչություններում քաղաքացիների դիմում-բողոքների ընթացակարգերը

2023 թվականի առաջին 6 ամիսներին քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Պետական վերահսկողական ծառայություն են մուտքագրվել թվով 320 հանրագրեր (դիմումներ, բողոքներ, հարցումներ), որոնք 77-ով կամ 31.7%-ով ավելի են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ. 2022 թ. առաջին կիսամյակում Ծառայություն էր մուտքագրվել թվով 243 հանրագիր:

Ծառայությունում ստացված դիմում-բողոքների քանակական ու բովանդակային վերլուծության արդյունքում արձանագրվել է, որ 2022 թվականին քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից բարձրաձայնված խնդիրների գերակշիռ մասն՝ ըստ գերատեսչությունների, վերաբերում են Երևանի քաղաքապետարանի, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ՏԿԵ նախարարության, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և այլ մարմինների գործունեությանն ու վերջիններիս կողմից իրենց լիազորությունների իրականացման արդյունավետության և հետևողականության հետ կապված խնդիրներին:

Մեծ թիվ են կազմում նաև այն հանրագրերը, որոնք վերաբերվում են քաղաքացիների կողմից պետական գերատեսչություններին հասցեագրված դիմում-բողոքների պատշաճ քննության գործընթացներին (ժամկետներին, դրանց անհարկի ձգձգմանը, բավարար պատասխանի ստացմանը և այլն), գերատեսչությունների ղեկավարների կամ իրավասու պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիների ընդունելության հնարավորություններին և առկա ընթացակարգերին, ինչպես նաև՝ գերատեսչություններում «Թեժ գիծ» ծառայության առկայությանը, ստացված զանգերի պատշաճ կառավարմանը, բարձրաձայնված խնդիրների ճիշտ հասցեագրմանն ու հայցվող տեղեկատվության պատշաճ տրամադրմանը քաղաքացիներին:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ծառայության կողմից վերոնշյալ ուղղություններով իրականացված մշտադիտարկումներից ամփոփվել են ՀՀ Առողջապահության և ՀՀ ՏԿԵ նախարարություններում կատարված մշտադիտարկումների արդյունքները, որոնք ներկայացվել են Ծառայության ղեկավարին, ապա սահմանված կարգով զեկուցվել ՀՀ վարչապետին: Ծառայության կողմից վարչապետին են ներկայացվել նաև մի շարք առաջարկներ՝ ոլորտում առկա ինստիտուցիոնալ և ընթացակարգային խնդիրների կառավարման, դրանց հնարավոր լուծումների և համակարգային բարեփոխումների ուղղությամբ:

ՊՎԾ կողմից ՀՀ առողջապահության նախարարությունում իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ քաղաքացիներից Նախարարություն մուտքագրված դիմում-բողոքների հաշվետվությունները լրացվում են թերի և սխալներով, իսկ դրանց լրացման, վարման և ներկայացման նկատմամբ պատշաճ ինստիտուցիոնալ հսկողություն սահմանված չէ: 2022 թվականի ընթացքում, ըստ Առողջապահության նախարարության կողմից ներկայացված տեղեկատվության, քաղաքացիներից Նախարարություն է ստացվել ընդհանուր 8910 դիմում-բողոք, որից 551-ը՝ միայն բողոք: Սակայն Նախարարությունից Վարչապետի աշխատակազմ ներկայացված հաշվետվություններում առկա թվային տվյալների համադրմամբ բողոքների թիվը կազմում է 1042, ըստ այդմ՝ բողոքների մասով անճշտությունների թիվը կազմում է 491 (1042-551):

ՀՀ Առողջապահության նախարարությունում գործում է «Թեժ գիծ» ծառայությունը, որի միջոցով ստացվել է 112.270 հեռախոսազանգ, որից 3.154-ը՝ բողոք: Ընդհանրացնելով մանրամասն վերլուծության ենթարկված տվյալները՝ արձանագրում ենք, որ 112.270 զանգից ընդհանուր առմամբ սպասարկվել են թվով 103.325 (92%) հեռախոսազանգեր, իսկ չսպասարկված զանգերի քանակը կազմում է 8.945 (շուրջ՝ 8%):

ԱՆ նախարարը 2022 թվականի ընթացքում քաղաքացիների ընդունելություն չի իրականացրել Պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ՏԿԵ նախարարությունում իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ այստեղ ևս առկա են գերատեսչությանն ուղղված դիմում-բողոքների հաշվառման ու հաշվետվողականության հետ կապված բազմաթիվ խնդիրներ և անհամապատասխանություններ: Այսպես. 2022 թվականի ընթացքում Նախարարությունում ստացված դիմում-բողոքների ընդհանուր քանակն՝ ըստ ՏԿԵ նախարարության տրամադրած տեղեկատվության, կազմել է 371, սակայն Նախարարության կողմից Վարչապետի աշխատակազմ ներկայացված հաշվետվությունների համաձայն դրանց թիվը կազմել է 245, (ընդ որում՝ միայն բողոքների թիվը 191 է): Այդ հաշվետվություններում տեղ գտած փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 245 դիմում-բողոքներից Նախարարության կողմից տրվել են պարզաբանումներ միայն 44 դիմումների, իսկ դիմում-բողոքների վերահասցեագրման, մերժման կամ տրված դրական լուծման մասին առկա չէ որևէ փաստաթղթավորված տվյալ: Ըստ կարգի՝ ստացված դիմում-բողոքների ընդհանուր քանակը պետք է հավասար լինի վերահասցեագրված, դրական լուծում ստացած, պարզաբանում ստացած և մերժված դիմումների քանակների հանրագումարին: Սակայն վերլուծության արդյունքում պարզվել է, որ առկա է թվով 201 դիմումների անհամապատասխանություն/անճշտություն (245-44)։ Ըստ այդմ՝ անհասկանալի է նաև նշված 201 դիմում-բողոքների հետագա ընթացքը։

Պարզվել է նաև, որ հաշվետու ժամանակաշրջանում նախարարությունում իրականացված քաղաքացիների ընդունելությունները չեն հաշվառվել, արձանագրություն չի կազմվել, հաշվետվություն չի ներկայացվել և ընդունելության արդյունքների մասին տեղեկատվությունը չի տեղադրվել նախարարության պաշտոնական կայք-էջում: Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է նաև, որ Նախարարությունում չի գործում «Թեժ գիծ» ծառայությունը, առկա է միայն թեժ գծի հեռախոսահամար, որին ստացված հեռախոսազանգերի թվաքանակի հաշվառում, գրանցում, տվյալների հավաքագրում և վիճակագրության վերլուծություն չի իրականացվում, և դրանով պայմանավորված, հնարավոր չէ պարզել ստացված զանգերի հետագա ընթացքը և վիճակագրությունը:

2022 թվականի ընթացքում ՏԿԵ նախարարը ևս քաղաքացիների ընդունելություն չի իրականացրել: ՊՎԾ հասցեագրված հանրագրերի հիման վրա Ծառայությունն այս պահին շարունակում է գերատեսչություններում ստացված դիմում-բողոքների պատշաճ քննության, դրանց ընթացքը լուծելու և «Թեժ գիծ» ծառայության գործունեության արդյունավետության նկատմամբ մեկնարկած մշտադիտարկումները ԿԳՄՍ նախարարությունում և Երևանի քաղաքապետարանում: ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիզաորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:

  • Կիսվել: