հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պուտինը կորոնավիրուսի դեմ պայքարում ունեցած մեծ ավանդի ամար պարգեւատրել է երեք հայ բժիշկների

Պուտինը կորոնավիրուսի դեմ պայքարում ունեցած մեծ ավանդի ամար պարգեւատրել է երեք հայ բժիշկների

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ռուսաստանցի քսան բժիշկների պետական պարգեւներով պարգեւատրելու մասին ՝ կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարում ունեցած մեծ ավանդի եւ մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար:

Ռուսաստանի նախագահի հրամանագրով Ալեքսանդր Նեւսկու շքանշանով պարգեւատրվել է Մոսկվայի պետական համալսարանի բժշկական գիտակրթական կենտրոնի տնօրեն, ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արմայիս Քամալովը:

Քամալովի ղեկավարությամբ բժշկական կենտրոնի աշխատակիցների աշխատանքային խումբը պարգեւատրվել է Պիրոգովի շքանշաններով եւ Ղուկաս Կրիմսկիի մեդալներով: Մոսկվայի պետական համալսարանի բժշկական կենտրոնի մյուս աշխատակիցներից պարգևատրվածների թվում են նաև բաժանմունքի վարիչ Դավիթ Հասրաթյանը, որն արժանացել է Պիրոգովի շքանշանի, և Մոսկվայի պետական համալսարանի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Ժաննա Հակոբյանը, որին նախագահի հրամանագրով շնորհվել է Ռուսաստանի առողջապահության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արմայիս Քամալովը դարձել է Մոսկվայում հայտնի խորհրդային ուրոլոգ Արամ Աբրահամյանի հոբելյանի առթիվ միջոցառումների անցկացման նախաձեռնողներից մեկը:

  • Կիսվել: