չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պտտահողմը Ակունքում արմատախիլ է արել հաստաբուն ծառեր, փլուզել քարե պարիսպներ, պոկել տան տանիքներ, տապալել էլեկտրասյուներ, ավերել ջերմոցներ

Պտտահողմը Ակունքում արմատախիլ է արել հաստաբուն ծառեր, փլուզել քարե պարիսպներ, պոկել տան տանիքներ, տապալել էլեկտրասյուներ, ավերել ջերմոցներ

Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ իրավիճակ է  ստեղծվել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Ակունք գյուղի բնակիչները ականատես են եղել, թե ինչպես  է պտտահողմը գյուղում ավերածություններ անում:  

Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի  4-րդ փողոցի մի քանի տներ ամբողջովին հայտնվել են արհավիրքի էպիկենտրոնում: Ամբողջովին փլուզվել են քարե պարիսպներ, որոնց երկարությունը տարբեր հատվածներում ամենակարճը՝  50 մետր է, ամենաերկարը՝  100-150 մետր: Արմատախիլ են եղել մեծ թվով ծառեր, կոտրվել են  բերքատու՝  ծիրանի, խնձորի տանձի գիլասի ծառեր, որոք էլ երբեք չեն կպնի:  

Արհավիրքից անմասն չեն մնացել նաև սեփական տներ, որոնց տանիքների թիթեղները փոթորիկը պոկել ու շպրտել է որոշ հատվածներում՝ 10, որոշ հատվածներում՝  30 և ավել մետր: Ամբողջովին տապալվել են  մեկ տասնյակից ավել էլեկտրասյուներ, ինչի պատճառով էլ գյուղի որոշ հատվածներում էլեկտրամատակարարումը դադարեցվել է:  Գյուղ է ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  Կատայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Փրկարարները  գյուղացիների  հետ  Ակունք  համայնքի ղեկավար Հունան Ռուբինյանի գլխավորությամբ և օժանդակությամբ  հատուկ տեխնիկա են բերել նշված վայր և բենզասղոցներով մասնատել են տապալված հաստաբուն ծառերը, որպեսզի ժամանակավորապես ճանապարհները բացվեն: Վնասվել են նաև գյուղի որոշ հատվածներում գազախողովակները, ինչի հետևանքով  էլ գազամատակարարումը նույնպես դադարեցվել է:  

Տուժել են նաև ջերմոցատերեր, իսկ ջերմոցում աճեցված ողջ բերքը դարձել է ոչ պիտանի: Ֆոտոլրագրողի  հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Արհավիրք էր: Վայրկյանների ընթացքում էկավ, իր սև գործն արեց: Հիմա ուզում ենք հավատանք, որ  կառավարությունը օգնության ձեռք կմեկնի:

Բոլորս էլ տուժել ենք և մենք միայնակ ի վիճակի չենք էս արհավիրքի դեմն առնենք: Մարդիկ կան, որ հեսա մի քանի օրից վարկեր են փակելու, իսկ էդ վարկերը փակելու համար պետք է ջերմոցներում եղած բանջարեղենը, ծառերի միրգը վաճառեինք ու էդ գումարներով վարկերը փակեինք: Բայց հիմա հայտնվել ենք կոտրած տաշտակի առաջ: Ուզում ենք հավատանք, որ իրոք կառավարությունը սատար կկանգնի:

Առաջիկայում էլ ընտրություններ են ու գալու են մեզ իրենց խոստումներով  կերակրեն, իսկ էդ խոստումներով մենք չենք փակի մեր վարկերը: Ռեալ պետք  է օգնության ձեռք մեկնեն: Միակ սփոփանքը նա է, որ  տուժածներ չկան»:

  • Կիսվել: