շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փրկարար-հոգեբանին և Երևանի գնդի պարեկներին հաջողվեց համոզել տղամարդուն չդիմել ծայրահեղ քայլի. նա սպառնում էր Կիևյան կամրջից ցած նետվել

Փրկարար-հոգեբանին և Երևանի գնդի պարեկներին հաջողվեց համոզել տղամարդուն չդիմել ծայրահեղ քայլի. նա սպառնում էր Կիևյան կամրջից ցած նետվել

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից սպառնում է ցած նետվել: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարար-հոգեբանը: 

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ: 

Տեղում կամրջի վրայից հետաքրքրասեր վարորդներին ու քաղաքացիներին հեռացնում էին նույն վաշտի պարեկներ Նարեկ Մուրադյանն ու Սարո Դավթյանը: 

Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: 

Պարեկներին և փրկարարներին հաջողվել է հայտնաբերել այդ տղամարդուն, ում հետ այս պահին փրկարար-հոգեբանը բանակցություններ է վարում, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին: 

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ փրկարար-հոգեբանին և պարեկներին հաջողվել է այդ քաղաքացուն համոզել և հիմա հոգեբանի հետ առանձին զրուցում են: 

Թե ինչն է եղել քաղաքացու կողմից ծայրահեղ այդ քայլին դիմելու պատճառը՝ պարզվում է: 

Ոստիկանությունը պարզում է տղամարդու ինքնությունը: 

  • Կիսվել: