ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Փորձարկվել են Փրկարար ծառայությանը տրամադրված ամենագնացների հնարավորությունները

Փորձարկվել են Փրկարար ծառայությանը տրամադրված ամենագնացների հնարավորությունները

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ. Ցուցուլյանի հրամանով հոկտեմբերի 26-27-ը Լուսակերտի ուսումնական կենտրոնում կազմակերպվել է 22 ամենագնացի տեխնիկական հագեցվածությանը և հնարավորություններին ծանոթանալու վերապատրաստման դասընթաց:

Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դասընթացին մասնակցել է 12 վարորդ-փրկարար Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Կոտայքի մարզային փրկարարական վարչություններից:

Դասընթացը վարել են ՓԾ ՔՊՎ ՔՊՈՒՀԿ հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի Ա խմբի պետ, փ/ծ ավագ լեյտենանտ, Ա. Արշակյանը, Փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Տ. Կոստանյանը և ՀՆՓԱԻԿ մոտոցիկլավարների օղակի հրամանատար, փ/ծ ավագ ենթասպա Զ. Վարդանովը:

Ամենագնացները նախատեսված են դժվարանցանելի տեղանքներում հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման համար: Ծառայության ընթացքում ամենագնացների միջոցով հնարավոր կլինի նաև դժվարանցանելի տեղանքներում ցուցաբերել առաջին օգնություն, տեղափոխել վիրավորների, ինչպես նաև իրականացնել ավտոքարշակման, ձնամաքրման, որոնողական և այլ գործողություններ։

Երկօրյա դասընթացի ժամանակ փրկարարները ծանոթացել են ամենագնացների տեխնիկական հնարավորություններին, հրահանգավորվել, այնուհետև գործնականում փորձարկել մեքենաները՝ խաղարկելով տարբեր փրկարարական գործողություններ:

Մեքենաները նպատակային և թիրախային կծառայեն իրենց նպատակին՝ զգալիորեն հեշտացնելով փրկարարների աշխատանքը՝ կյանքեր փրկելու իրենց առաքելությունն էլ ավելի արդյունավետ իրականացնելու և ծառայության որակը էականորեն բարձրացնելու համար։

22 ամենագնացները ՆԳՆ փրկարար ծառայությանն են նվիրել ամերիկահայ բարերարներ Արսեն Ստեփանյանը, Արամ Կավուկջյանը, Տիգրան Բեդիրյանը, Տիգրան Գևորգյանը և Էդվին Եղնանյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։

  • Կիսվել: