կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Փոփոխություններ և լրացումներ ՀՀ ջրային օրենսգրքում

Փոփոխություններ և լրացումներ ՀՀ ջրային օրենսգրքում

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ին հրավիրված նիստի ժամանակ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ ջրային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները:
 
Նախագծերի փաթեթով առաջարկվում է օրենսգրքով ամրագրված «հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգ» հասկացությունը շարադրել նոր խմբագրմամբ` համապատասխանեցնելով միջազգայնորեն ընդունված հասկացությանը, ինչպես նաև ամբողջականացնել ազատ ջրօգտագործման դեպքերը, համաձայն որոնց՝ հակահեղեղային միջոցառումների իրականացումը ևս կհամարվի ազատ ջրօգտագործում: Կհստակեցվեն և կսահմանվեն ջրօգտագործման թույլտվության հայտերի մերժման, ինչպես նաև էկոլոգիական թողքի հաշվառման դեպքերը:
 
Օրենսդրական փաթեթով ամրագրվում է, որ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի ժամկետի երկարաձգման դեպքում ջրօգտագործման թույլտվությունը երկարաձգվում է օրենսգրքով սահմանված կարգով:
 
Փոխնախարարի խոսքով՝ օրենքի նախագծի ընդունման արդյունքում կստեղծվեն մեխանիզմներ ազգային ջրային պաշարի պահպանման, օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով անհրաժեշտ քանակի և որակի, ջրով քաղաքացիների և տնտեսության պահանջների բավարարման և շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովման համար:
 
Օրենքների նախագիծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
 

  • Կիսվել: