հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Փոխըմբռնման հուշագիր՝ ՀՊՏՀ-ի և Լատվիայի երիտասարդական զարգացման կենտրոնի միջև

Փոխըմբռնման հուշագիր՝ ՀՊՏՀ-ի և Լատվիայի երիտասարդական զարգացման կենտրոնի միջև

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և Լատվիայի երիտասարդական զարգացման կենտրոնը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որն ազդարարել է ոչ ֆորմալ կրթության ոլորտում կողմերի միջև արդյունավետ համագործակցության մեկնարկը՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
 
ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը նշել է, որ Տնտեսագիտական համալսարանը կարևորում է ոչ ֆորմալ կրթության մեթոդների կիրառման և միջազգային կրթական ծրագրերի ներդրման անհրաժեշտությունը։
 
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը բաց է ցանկացած համագործակցության համար, եթե այն վերաբերում է հատկապես ուսանողների կրթական և փոխանակման ծրագրերին։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նմանատիպ ծրագրերին. մեր համալսարանը մեծ հաջողությամբ համագործակցում է արտերկրի բուհերի, միջազգային կրթական կառույցների և կազմակերպությունների հետ, իրականացվում են «Էրազմուս+» և այլ միջազգային կրթական ծրագրեր։ Այն, ինչ կհետաքրքրի մեր ուսանողներին, բուհը պատրաստ է դիտարկել և խոշորացույցի տակ վերցնել»,- նշել է Դիանա Գալոյանը։
 
Լատվիայի երիտասարդական զարգացման կենտրոնի տնօրեն Ալեքսանդրս Փոստսն իր հերթին փաստել է, որ կենտրոնը ևս մեծ կարևորություն է տալիս ոչ ֆորմալ կրթության մեթոդներին, և այս առումով երկուստեք շահերը համընկնում են. «Այն, ինչ մենք անում ենք, բխում է ուսանողների շահերից։ Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը ՀՊՏՀ-ի հետ շարունակական կլինի, քանի որ երկուսս էլ մեկ հիմնարար արժեք ունենք՝ որակյալ կրթության ապահովումը»։
 
Ալեքսանդրս Փոստսը Հայաստանում է  իբրև դասընթացավար՝ մասնակցելու այս օրերին ՀՊՏՀ-ում ընթացող գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպված «Աշխատելու հնարավորությունները» խորագրով սեմինար/դասընթացին:

  • Կիսվել: