շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փոխքաղաքապետը ներկայացնում է՝ ինչպե՞ս են հետևելու, որ երթուղայիններում կանգնած ուղևորներ չլինեն

Փոխքաղաքապետը ներկայացնում է՝ ինչպե՞ս են հետևելու, որ երթուղայիններում կանգնած ուղևորներ չլինեն

Պարետի որոշմամբ, երթուղայիններում կանգնած ուղևորներն արգելվում են: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

Նրա խոսքով,  Երևանում այսօր 150 միավոր շարժակազմ է դուրս բերվել, նաև մասնավոր ուղևորափոխադրողներ են շարժակազմ դուրս բերել տրանսպորտի գործունեությունը ապահովելու համար:

Հարցին, թե ինչպես են կազմակերպվելու ուղևորափոխադրումները, եթե պարետի որոշմամբ չի թույլատրվում կանգնած ուղևոր տեղափոխել, իսկ մինչ արտակարգ դրությունը Երևանի տրանսպորտը գործել է ծանրաբեռնված, փոխքաղապետն ասաց.

«Հիմա փորձում ենք հասկանալ, թե ինչ ուղևորահոսք կունենանք Երևանում, քանի որ սա տարվա այն ժամանակն է, երբ ուղևորահոսքը մոտ 30 տոկոսի չափով նվազում է՝ հաշվի առնելով, որ դպրոցներն ու ուսումնական հաստատությունները փակված են լինում: Այս մի քանի օրվա ընթացքում երբ հասկանանք ուղևորահոսքը որքան է, նոր ինչ-որ միջոցառումներ կձեռնարկենք»։

Հարցին, թե քաղաքապետարանն ինչ միջոցներ է ձեռնարկելու, որ ուղևորափոխադրումն իրականացվի առանց կանգնած ուղևորի, և արդյոք երթուղի են դուրս գալու քաղաքապետարանի պահեստային ավտոբուսները, Հայկ Սարգսյանը նախ ասաց, որ երթուղայինների հաճախականության ավելացումը կապված կլինի ուղևորափոխադրումների ծավալից, աննախադեպ ցածր ուղևորափոխադրում կա այս պահի դրությամբ:

«Մենք պետք է հասկանանք՝ այդ ուղևորափոխադրումն ինչ տենդենց ունի, կարծում եմ՝ այս մի քանի օրվա ընթացքում կհասկանանք, այնուհետև կկարողանանք որոշում կայացնել: Այս պահի դրությամբ 95 տոկոս դեպքերում, եթե ամբողջությամբ համալրված են լինում նստատեղերը, մեր քաղաքացիները տրանսպորտ չեն նստում»,- ասաց նա։

Հայկ Սարգսյանը նշեց նաև՝ Երևանում արդեն դեպքեր են գրանցվել, որ ուղևորները վեճի են բռնվել վարորդների հետ, որպեսզի թույլ տան իրենց կանգնած երթևեկել, սակայն  հանձնարարականն այնպիսին է, որ եթե քաղաքացիները չեն ենթարկվում, ապա ավտոբուսները կանգնում են և չեն շարժվում, մինչև քաղաքացին չիջնի ավտոբուսից։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերահսկվելու վարորդների վարքագիծը, քանի որ մեծ մասը դիմակը կրում է քթի կամ կզակի տակից, ձեռնոցները փոխելու ժամանակացույցը հստակ չէ, փոխքաղաքապետն ասաց, որ քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունն ու ոստիկանությունն է վերահսկողություն իրականացնելու, բայց կարևոր է նաև քաղաքացիների ակտիվ մոտեցումը:

«Այդ 800 «Գազել»-ների, 300 ավտոբուսների համար  այդքան մարդկային ռեսուրս չկա ամբողջովին վերահսկելու: Այդ իսկ պատճառով կխնդրեի մեր քաղաքացիներին, որ ուշադիր լինեն կողքիններին, և եթե ինչ-որ բան սխալ է անում, կարող են հորդորել, ասել, թե ինչպես պետք է դիմակը կրել: Միմյանց վերահսկելը, կարծում եմ, բավականին մեծ ազդեցություն կունենա, որ այս ճգնաժամային իրավիճակից կարողանանք դուրս գալ»,- ընդգծեց Հայկ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտի ախտահանմանը, փոխքաղաքապետն ասաց, որ տրանսպորտը ախտահանվում Է Երևանի քաղաքապետարանի կողմից, իսկ ախտահանիչ նյութերն ու դիմակները ձեռք են բերում գիծը շահագործող ընկերությունները:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե քիչ ուղևորահոսքի պարագայում արդյոք չի քննարկվում վարորդների վրա դրված օրական պլանը նվազեցնելու հարցը, քանի որ արդեն ահազանգեր կան վարորդների կողմից, ինչին ի պատասխան Հայկ Սարգսյանն ասաց. «Մասնավոր կազմակերպություններն իրենք են որոշում իրենց գործունեության հետ կապված սահմանաչափերը: Այսօր օրվա վերջում կամփոփենք, դրանից հետո պարզ կդառնա, թե  ինչ ճանապարհով պետք է առաջ շարժվենք, քանի որ ուղևորահոսքը բավականին քիչ է: Պետք է հասկանանք, թե ինչպես պետք է Երևանում շահագործվեն թե մասնավոր ուղևորագծերը, թե Երևան համայնքի եղած գծերը, քանի որ շահութաբերություն չկա»:

  • Կիսվել: