հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փլատակներից քաղաքացու դուրս բերում, հրդեհի մարում. իրականացվել է հայ-ռուսական փրկարարական վարժանք

Փլատակներից քաղաքացու դուրս բերում, հրդեհի մարում. իրականացվել է հայ-ռուսական փրկարարական վարժանք

 Կոտայքի մարզի Գետարգել գյուղում ներկայացվեցին հայ-ռուսական մարդասիրական արձագանքման ու փրկարարական աշխատանքները:

Աշխատանքներին հետևում էին ՌԴ ԱԻՆ նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հայկական կողմի համատնօրեն Պավել Գյոզալյանը, ինչպես նաև Հայկական Կարմիր Խաչի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԻՆ փրկարարներ, ՌԴ-ից բարձրաստճան պաշտոնյաներ:

 
 

«Այսօր, մենք իրականացրինք վարժանքներ, ստուգեցինք ՀՀ-ի ԱԻՆ մարդասիրական արձագանքման կենտրոնի ստորաբաժանումների ուժերը, հնարավորություններն ու կարողությունները՝ արտակարգ իրավիճակների կանխարգելման գործընթացում: Այստեղ ցուցադրվեցին ՃՏՊ-ի պատճառով խոշոր հրդեհի մարման աշխատանքներ, տեխնածին աղետի պատճառով տուժածի դուրսբերում, ձորակից մեքենայի դուրս բերում և այլն»,- լրագրողների հետ զրույցում նշեց Գրեչուշկինը:

Նա նկատեց, որ ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների փրկարարները բարձր պատրաստվածություն ունեն: ՌԴ ԱԻ նախարարի տեղակալի կարծիքով, եթե բոլոր ստորաբաժանումները գործեն նույն կերպ, ինչ վարժանքի ընթացքում, ապա ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են վստահ լինել, որ փրկարարները դեպքի վայրում կցուցաբերեն ճիշտ մոտեցում:

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հայկական կողմի համատնօրեն Պավել Գյոզալյանը նշեց, որ վարժանքներին մասնակցում է նաև Կարմիր խաչի հայկական գրասենյակի թիմը:

«Նպատակ ունենք այնպես անել, որպեսզի ոչ միայն փրկարարներն իրենց գործողությունները հստակեցնեն, այլև համատեղ աշխատելու կարողությունները զարգացնեն: Խոշոր արտակարգ իրավիճակների ժամանակ մեծ ուժեր են կիրառվում, և անհրաժեշտ է, որպեսզի բոլորը կարողանան հստակ տիրապետել բոլոր հմտություններին, որոնք անհրաժեշտ են համատեղ աշխատանքի ժամանակ»,- նշեց Գյոզալյանը և հավելեց, որ նման միջոցառումները կրել են և կրելու են մշտական բնույթ:

  • Կիսվել: