Պետությունը կաջակցի երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովության հարցում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ Կառավարության կողմից հաստատված հերթական ծրագրին, որը վերաբերում է երիտասադր ընտանքիներին։
Խոսքը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ-ի ծրագրի մասին է։
Աջակցության համար կարող են դիմել այն քաղաքացիները, որոնք ունեն երկու և ավելի անչափահաս երեխաներ, իսկ բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020 թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո: Անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն. դրամն է, որն ավելացվում է շահառուի յուրաքանչյուր հաջորդ երեխայի հաշվով՝ ևս 5-ական մլն. դրամով։ Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կկազմի 2 մլն դրամ։
Երկրորդ ծրագիրը նախատեսում է կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրավճարների փոխհատուցում՝ պետության կողմից՝ հիպոտեքով բնակարան ձեռք բերելու դեպքում: Ծրագրից կարող է օգտվել առնվազն մեկ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիք, որը բնակելի անշարժ գույքը ձեռք կբերի 2020 թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո:
Անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը 30 մլն. դրամն է, որը կավելանա շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով՝ 5 մլն.-ական դրամով: Կատարվող կանխավճարի նվազագույն չափը՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի դեպքում արժեքի առնվազն 10 %-ն է, առաջնային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի դեպքում՝ արժեքի առնվազն 7,5 %:
Կանխավճարի ապահովագրության ծրագրով տրվող դրամական աջակցության չափը կսահմանվի համապատասխան պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան 180 հազ. դրամը։
Երրորդ ծրագրի շրջանակներում պետության կողմից կտրամադրվի միանվագ դրամական աջակցություն այն ընտանիքներին, որոնք ունեն գործող հիպոտեքային վարկ և ընտանիքում ծնվում է երեխա: Աջակցությունը կուղղվի հիպոտեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։ Քաղաքացին իրավունք ունի օգտվել երեխայի ծննդյան աջակցության ծրագրից՝ անկախ հիպոտեքային վարկը վերցնելու ժամկետից կամ բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրից օգտվելու հանգամանքից։
Աջակցության այս ծրագրից կարող են օգտվել գործող հիպոտեքային վարկ ունեցող այն ընտանիքները, որոնցում երեխան ծնվել է 2020 թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, իսկ անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը կազմում է 30 մլն. դրամ, որը շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով կավելանա ևս 5 մլն. դրամով:
Աջակցությունը կարող է տրամադրվել միայն այն քաղաքացիներին, ովքեր առնվազն 12 ամիս կատարել են հիպոտեքային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիպոտեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացույցային օրը:
Ընատանիքում ծնվող 1-ին և 2-րդ երեխայի դեպքում աջակցության չափը կարող է կազմել վարկի մնացորդային մայր գումարի 10 %-ի չափով՝ մարզային բնակավայրերում ձեռքբերված անշարժ գույքի դեպքում, իսկ Երևան քաղաքում՝ 5 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը:
3-րդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում աջակցության չափը կկազմի վարկի մնացորդային մայր գումարի 50 %-ի չափով՝ մարզային բնակավայրերում ձեռքբերվող անշարժ գույքի դեպքում, իսկ Երևան քաղաքում՝ 25 %-ի չափով (բայց ոչ ավելի, քան 2 000 000 դրամը:
Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին և ընտանիքում ծնվում է 1-ին կամ 2-րդ երեխան, ապա աջակցության չափը կկազմի մարզային բնակավայրերում ձեռք բերվող անշարժ գույքի վարկի մնացորդային մայր գումարի 15 %-ը, իսկ Երևան քաղաքում՝ 8 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 1 500 000 դրամը:



