ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պետհամարանիշի փոխարեն կարող է գրվել անուն. Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությունը

Պետհամարանիշի փոխարեն կարող է գրվել անուն. Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությունը

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկում է հնարավորություն ընձեռել մեծ պահանջարկ ունեցող պետհամարանիշների ընտրություն` սեփականատիրոջ ցանկությամբ:

Գործող օրենքով պետհամարանիշի ընդունված համակցությունը հետևյալն է` 2 թիվ, 2 տառ, 3 թիվ: Ալեն Սիմոնյանի առաջարկը կյանքի կոչվելու դեպքում այս օրինաչափությունը կարող է փոխվել: Օրինակ՝ վրացական պետհամարանիշների դեպքում կարելի է հանդիպել նույնիսկ մարդկանց կամ կազմակերպությունների անունների: Այս նախագծի ընդունումից հետո չի բացառվում, որ նման իրավիճակ լինի նաև հայաստանյան պետհամարանիշների պարագայում:

Ալեն Սիմոնյանն առաջարկում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածը լրացնել նոր խմբագրությամբ, ըստ որի՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշների ընտրության հարցում տրանսպորտային միջոցի սեփականատերը հնարավորություն ունի հաշվառման համարանիշներում թույլատրված տառերի կամ թույլատրված թվանշանների կամայական հաջորդականությամբ առաջարկել նախընտրելի տառի, կամ թվանշանի, կամ տառերի և թվանշանների թույլատրված համակցություն:

Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ շատ երկրներում ընդունված փորձառություն է, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերը կարող է ինքն ընտել իր մեքենայի համարանիշը` կազմված որոշակի նիշներից:

«Հաշվի առնելով այն, որ ներկայումս առկա է որոշակի կարգ մեծ պահանջարկ վայելող համարանիշների ընտրության հարցում, սակայն չկա օրենսդրական այնպիսի կարգավորում, որը թույլ կտա տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներում թույլատրված նախընտրելի տառերի և/կամ թվանշանների համակցությամբ և հերթականությամբ ձևավորել հաշվառման համարանիշը, անհրաժեշտ ենք համարում այնպիսի օրենսդրական փոփոխության կատարումը, որը կտրամադրի նմանատիպ հնարավորություն: Իրավասու լիազոր մարմինն իր լիազորությունների շրջանակում կարող է ներդնել նման հաշվառման համարանիշների տրամադրման կարգ»,-ասվում է նախագծում:

Նախագծի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմեցինք ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանին, սակայն վերջինս ուղղորդեց մեզ զրուցել իր խորհրդականի հետ: Ալեն Սիմոնյանի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու առաջին պատճառը բյուջեի համար լրացուցիչ մուտքեր ապահովելն է:

«Քանի որ նոր տեսակի համարանիշներ են թողարկվելու` առանձին թվեր, առանձին տառեր կամ թվեր և տառեր համադրությամբ, որը լրացուցիչ մուտքեր է ապահովելու բյուջեի համար»,-ասաց նա:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ օրինակ՝ անուն լինի համարանիշի փոխարեն, Նալբանդյանը պատասխանեց.

«Մենք իրավական մասն ենք ապահովում, որ թույլատրվի նախընտրելի նիշերի համակցություն կամ կարող է լինել միայն թվեր, բայց կոնկրետ շրջանակը սահմանելու է Կառավարությունը օրենքի ընդունումից հետո` համապատասխան որոշմամբ: Հայ ազգը գեղեցիկ համարների սիրահար է, իսկ գործող նիշերն ու թվերը ոնց որ սպառվում են, լրացուցիչ հնարավորություն ենք ստեղծում և՛ քաղաքացիների համար և՛ բյուջեի համար»,-ասաց Հովհաննես Նալբանդյանը:

Հետաքրքրվեցինք` միգուցե քաղաքացիներն են պատգամավորին դիմել նման նախաձեռնությամբ հանդես գալու համար, Սիմոնյանի խորհրդականը պատասխանեց, որ նախաձեռնությունը միայն բյուջեի համար լրացուցիչ մուտքեր ապահովելու համար է, և որևէ մեկը չի դիմել այդ հարցով խորհրդարանի փոխնախագահին:

Նախագծում նշվում է, որ կամայական նիշների համակցությամբ համարանիշներն իրենց գնային մակարդակում կլինեն առավելագույն շեմի վրա: Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է դրանք լինեն «գոլդ» համարանիշներին համարժեք գնային սահմանում, օրինակ` ութ միլիոն դրամ, Նալբանդյանը չբացառեց, որ կարող է լինեն նույնիսկ ավելին, ապա հավելեց, որ գումարը ևս Կառավարության որոշմամբ է սահմանվելու:

 

  • Կիսվել: