ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Pegasus-ի թռիչքը Հայաստանի վրայով

Pegasus-ի թռիչքը Հայաստանի վրայով

Նոյեմբերի 24-ին բազմաթիվ մարդիկ ստացել են նամակ Apple-ից՝ ծանուցում այն մասին, որ իրենք հանդիսացել են պետական հաքերային թիմի կողմից հարձակման թիրախ։ Նման նամակներ ստացել են նաև Հայաստանի քաղաքացիներ, հայտնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նամակում չի նշվում, թե դա ինչ տիպի հարձակում է և որ երկրի հաքերների մասին է խոսքը։ Հայտնի է միայն, որ նման նամակներ ստացել են մարդիկ, որոնք կա՛մ կարևոր դերակատարում ունեն Հայաստանի հանրային և քաղաքական գործընթացներում, կա՛մ կարևոր կառույցի աշխատակից են։ 

Մեզ հայտնի է համարյա երկու տասնյակ մարդկանց մասին, որոնք նման զգուշացում են ստացել Apple-ից։ Դրանց մի մասը ընդդիմադիր է, մի մասը ներկայացնում է կամ վերջերս ներկայացրել է իշխանության տարբեր ճյուղեր։ 

Վերջին ամիսների միջազգային գործընթացները, ինչպես նաև ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հարձակման գործիքը կարող է լիներ Pegasus բջջային հեռախոսները վարակող վնասակար ծրագիրը, վիրուսը։

Նոյեմբերի 23-ին Apple-ը տեղեկացրեց, որ դատական հայց է ներկայացրել Pegasus-ն արտադրող NSO Group-ի դեմ՝ պետական ​​հովանավորվող լրտեսող ծրագրերի չարաշահումը զսպելու համար։

Երկու մարդ արդեն հանրայնորեն հայտարարել են, որ ստացել են նման նամակներ։ Մեկը նախկին ԱԱԾ տնօրեն և ներկայում «Պատիվ ունեմ» ընդդիմադիր ուժի ղեկավար Արթուր Վանեցյանն է։ Մյուսը՝ Դավիթ Սանասարյանն է։ Ըստ տեղեկատվության անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանի՝ ինքը դեռ երկու ամիս առաջ էր Հայաստանում Pegasus հայտնաբերել։ 


Արթուր Վանեցյանի ստացած նամակը: Լուսանկարը՝ Վանեցյանի Ֆեյսբուքի գրառումից

Հաշվի առնելով հնարավոր վարակվածների ցանկը և այն փաստը, որ բոլորը նույն պահին են ստացել զգուշացնող նամակը, կարելի է ենթադրել, որ Apple-ում կարող էին հարձակումների մի քանի ալիք ընդգրկել զգուշացման արշավում՝ մեկ փուլով։ 

Շատ հնարավոր է, որ մենք գործ ունենք մի քանի դեպքերի հետ, որոնց ընթացքում, օրինակ, վարակումները կարող էին ունենալ արտաքին և ներքաղաքական պատճառներ։ Քանի որ բոլոր վարակվածները միասին դժվար թե կարողանային հետաքրքրել մեկ հարձակվող կողմին։ 

Ինչ է Pegasus֊ը 

Pegasus-ն իրենից ներկայացնում է բջջային հեռախոսները վարակող ծրագիր, որը արտադրում է իսրայելական NSO Group կազմակերպությունը և վաճառում միջազգային շուկայում՝ տարբեր պետական կառույցների հետախուզական գործողություների համար։ Ծրագիրը թույլ է տալիս վարակված հեռախոսի միջոցով լիարժեքորեն հետևել թիրախին՝ ստանալով գրեթե ողջ տեղեկատվությունը, որը հասանելի է սմարթֆոնում։

Ենթադրվում է, որ ուժային կառույցները պետք է Pegasus-ը օգտագործեն օրենքի սահմաններում։ Վերջին ամիսների բացահայտումները ցույց տվեցին, որ տասնյակ երկներում այն կիրառվել է ընդդիմադիրներին, լրագրողներին և այլ անհարմար անձանց հետևելու համար։ 

Ավելին, կան տվյալներ այն մասին, որ պատերազմի ժամանակ՝ 2020-ին, Pegasus-ը կիրառվել է Հայաստանի պաշտոնյաների դեմ, ինչը խոսում է այն մասին, որ հարձակումները կարող էին լինել Ադրբեջանի կամ Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից։ 

Ըստ Media.am-ի։

  • Կիսվել: