կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Պատգամավորը կոչ արեց իշխանություններին դիտարկել առաջնային խնդիրները, ապա նոր մտածել ճոպանուղի կամ Չորրորդ Հանրապետություն ստեղծելու մասին

Պատգամավորը կոչ արեց իշխանություններին դիտարկել առաջնային խնդիրները, ապա նոր մտածել ճոպանուղի կամ Չորրորդ Հանրապետություն ստեղծելու մասին

Ձեզ մասնագիտական հարցեր են տալիս, դուք հուզական ֆոնի հետևում եք թաքնվում, փորձում ձևացնել, որ թիրախավորվել է Ձեր միջին մասնագիտական կրթությունը, մինչդեռ որևէ մեկը ոչ միայն չի թիրախավորել կամ արժեզրկել, հակառակը, շատ կարևորել է միջին մասնագիտական կրթությունը, խնդիրն այլ բանի մասին է: Դուք, որպես ոլորտի կարևորագույն խնդիր, նշում եք, որ բժիշկը չի նայում պացիենտի աչքերին։ Հայաստանում առողջապահության լրջագույն խնդիրներից մեկը դա՞ է: Դա Ձեր պատկերացումն է, ու ամբողջ խնդիրը դա է: Այս մասին ասաց է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի ելույթին: 

Հունանյանն իր ելույթում նշել էր իրեն ուղղված քննադատությունների մասին, որոնք, ըստ նրա, միջին մասնագիտական կրթության պատճառով են, հավելել էր, որ հոգատարություն, սեր, հարգանք է թաքնված իր «փոքրիկ կենսագրության հետևում»:

Հայտարարությանն ի պատասխան Վարդանյանը նշեց. «Ամբիոնի մոտ ինձ ստիպել եք մոտենալ բացառապես դուք, ձեր հայտարարությունները: Գիտեք չէ՞ այդ հայտնի արտահայտությունը, որ ասում է՝ եթե ուզում ես քանդել պետությունը, կարևոր պաշտոնների կամ դերակատարությունների նշանակիր մարդկանց, ովքեր կապ չունեն դրա հետ և կոմպետենտ չեն։ Հիմա այն, ինչ տեղի է ունենում այսօր, լավագույնս ցույց է տալիս այս քաղաքականությունը»։ 

Նա մատնանշեց  պետական կառավարման օղակում գտնվող պաշտոնյանների օրինակները:

«Առողջապահության նախարարը իրավաբան է, պաշտպանության նախարարը՝ պատմության ուսուցիչ, արտաքին գործերի նախարարը՝ անհայտ է ինչ կապ ունի դիվանագիտության հետ: Դուք մեր դիվանագիտական բլոկին տեսե՞լ եք: Այն, որ այս իշխող ուժի ամենավառ ներկայացուցիչը՝ Նիկոլ Փաշինյանը, ասում էր դեսպանները պետք է դիվանագետներ լինեն պրոֆեսիոնալ, հիմա մեր դիվանագետներին տեսե՞լ եք: Լիլիթ Մակունցն ի՞նչ կապ ուներ դիվանագիտության հետ, դրանից հետո սոցապնախարարը ի՞նչ կապ ունի, ՄԻՊ-ը որ հետո պարզվեց արտաքին հետախուզական ծառայության պետն է»,-մանրամասնեց Քրիստինե Վարդանյանը:

Պատգամավորը կոչ է արել իշխանություններին դիտարկել առաջնային խնդիրները, ապա նոր մտածել ճոպանուղի կամ Չորրորդ Հանրապետություն ստեղծելու մասին:

  • Կիսվել: