հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Պատերազմում ձեռքերը կորցրած ալավերդցի Կարեն Խլոպուզյանին պետք է աջակցել

Պատերազմում ձեռքերը կորցրած ալավերդցի Կարեն Խլոպուզյանին պետք է աջակցել

44-օրյա պատերազմում երկու ձեռքերը կորցրած 20-ամյա Կարեն Խլոպուզյանի համար 2022 թվականին Ալավերդու Սանահին Սարահարթ թաղամասում առանձնատուն է կառուցել և նվիրել Համբուրգի հայ համայնքի ղեկավար Սերժ Անգելյանը: Անցել է շուրջ մեկ տարի: Կարենը չի բնակվում իր առանձնատանը, քանի որ առանձնատան կահավորման ֆինանսական միջոցներ չունի: Տունը դեռևս լուսավորված չէ: Օրերս թաղամասի էլեկտրիկը Կարենին հայտնել է, որ էլեկտրացանցի բաժանորդ դառնալու համար պետք է վճարի 250 հազար դրամ: Կարենն այդ գումարը վճարելու հնարավորություն ևս չունի: Գրում է civilnet.am-ը։

Առանձնատան շուրջ 700 քմ տնամերձը բարեկարգելու համար Կարենն արդեն մեկ տարի է՝ չի կարողանում տրակտոր հայթայթել, թեև այդ խնդրանքով դիմել է տրակտոր ունեցող Ալավերդու բոլոր հիմնարկներին:

«Խնդրում ենք մեզ տրակտոր տրամադրելու համար Ալավերդիում ոչ մեկի չդիմեք, որովհետև մենք տրակտորի պահանջով գրեթե բոլորին դիմել և մերժվել ենք»,- ասում է Կարենի քույրը՝ Հերմինե Խլոպուզյանը:

Կարենը սոցիալական ծանր խնդիրներ ունեցող ընտանիքից է: Հայրենիքի պաշտպանության դիրքերում պատերազմի սարսափներն ապրած երիտասարդը չի կարողանում միայնակ պետությունից ստացվող 200 հազար դրամ կենսաթոշակով կահավորել նվեր ստացած բնակարանը:

Սերժ Անգելյանի խոսքով՝ որոշել էր այնպիսի տուն կառուցել զինվոր Կարենի համար, որպիսին կկառուցեր իր որդու համար: Բարերարը առանձնատունը Կարենին հանդիսավորությամբ նվիրել էր 2022 թվականի հուլիսի 27-ին: Կարենն ասում է՝ շատ է սիրում իր առանձնատունը:

Տունն ստանալուց հետո Կարենը Սիվինեթին հայտնել էր, թե այլևս երազանքներ չի փայփայում, հիմա նպատակներ ունի: Դրանցից առանձնատան կահավորումը, տան բակում գեղեցիկ այգի ստեղծելը, ընտանիք կազմելն ու երեխաներ ունենալը Կարենն առանձնապես էր կարևորել: Ստեղծված իրավիճակում երկու ձեռքից զրկված երիտասարդը հայտնվել է անօգնական վիճակում:

Կարեն Խլոպուզյանը զինծառայության է մեկնել 2020 թվականի հուլիսի 20-ին:Նա ձեռքերը կորցրել է 2020-ի հոկտեմբերի 1-ին՝ անօդաչու թռչող սարքից արձակված ռումբի պայթյունի հետևանքով: Հազիվ երկու ամսվա զինծառայող և զենքին դեռ լավ չտիրապետող զինվոր էր, երբ նրան տեղափոխել են Հադրութի դիրքեր: Այնտեղ էլ պատերազմի չորրորդ օրը նա կորցրել է ձեռքերը:

«Առաջինը, որ նկատեցի, բեկորներից մանր մասերի բաժանված ձեռքերս էին»,- հիշում է Կարենը: Ստեփանակերտի հիվանդանոց տեղափոխված Կարենը վիրահատվել, ապա տեղափոխվել է Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ, որտեղ բուժումը շարունակվել է: Կարեն Խլոպուզյանը պրոթեզավորվել է Երևանի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում: Սիվիլնեթը հետևել է նրա պրոթեզավորմանը: Հուլիսի 15-ին հանդիպման եկած Կարենը պրոթեզներ չէր կրում: Ասաց՝ դրանք արտերկիր է ուղարկվել վերամշակման:

Այսօր բոլորը՝ համայնքապետը, մարզպետը, տրակտոր ունեցող հիմնարկների ղեկավարները, պարտավոր են աջակցել Կարենին։

  • Կիսվել: