երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պաշտոնապես հաստատվել է Երևանում ստեղծվելիք Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի գտնվելու վայրը

Պաշտոնապես հաստատվել է Երևանում ստեղծվելիք Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի գտնվելու վայրը

ՀՀ կառավարության որոշմամբ պաշտոնապես հաստատվել է Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համագործակցությամբ առաջիկայում Երևանում ստեղծվելիք Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի գտնվելու վայրը:

«Զանգվածային հայրենադարձությունը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետության ռազմավարական առաջնահերթություն և գիտակցելով այն դժվարությունները, որոնց բախվում են շատ հայրենադարձներ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը նախաձեռնեց այս ծրագիրը՝ նպատակ ունենալով խթանել և դյուրացնել հայրենադարձների ներգրավումը հայաստանյան հասարակական կյանքին: Ի աջակցություն այս նախաձեռնության՝ Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամն անվճար հիմունքներով կտրամադրի ավելի քան 300 քառակուսի մետր տարածք Կենտրոնի գործունեության համար»,-հայտնում են հանձնակատարի գրասենյակից։

«Մենք երախտապարտ ենք Հովնանյան հիմնադրամի հետ այս համագործակցության համար և անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքներին», - նշել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:- Հովնանյան հիմնադրամը տարիներով ոչ միայն լայնածավալ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը, այլև հովանավորել է այն կազմակերպություններին, որոնք մշտապես խթանել են հայրենադարձությունը»։

«Հայրենադարձներին աջակցելու նպատակով Կենտրոնը ինտեգրման աջակցման մասնագետների է կցելու անհատներին և ընտանիքներին՝ հայրենադարձման ողջ գործընթացի ընթացքում անհատական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ինտեգրման աջակցման մասնագետները հայրենադարձներին խորհրդատվություն կտրամադրեն և գործնական աջակցություն կցուցաբերեն մի շարք հարցերում, ինչպիսիք են՝ քաղաքացիության և կացության կարգավիճակ, իրավական հարցեր, կրթություն և մշակույթ, հարկեր և գրանցում, աշխատանքի տեղավորում, բանկային, ֆինանսական և այլ հարցեր: Կենտրոնի ծառայությունները հասանելի են լինելու հետևյալ լեզուներով՝ արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն և ռուսերեն: Ավելին, Կենտրոնը կտրամադրի արևելահայերենի անվճար դասընթացներ, ինչպես նաև կօգնի բարեկամական կապեր հաստատել տեղի և հայրենադարձ համայնքների միջև, կկազմակերպի ֆորումներ, կապեր հաստատելու նպատակով միջոցառումներ, աշխատանքի տոնավաճառներ և մասնագիտական վերապատրաստման դասընթացներ:

Մինչ Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի պաշտոնական գործարկումը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կշարունակի աջակցություն ցուցաբերել հայրենադարձության գործընթացի հետ կապված ցանկացած հարցի կամ մտահոգության դեպքում»,- հայտնում են գրասենյակից:

  • Կիսվել: