հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Փաշինյանը կոչ է անում կրել բացառապես գործարանային արտադրության դիմակ

Փաշինյանը կոչ է անում կրել բացառապես գործարանային արտադրության դիմակ

Աշխարհի գերզարգացած երկրներ կան, որ դեռ նոր են դիմակների հետ կապված ուղերձը փոխում: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գերզարգացած երկրներից մեկի ղեկավարը բավական երկար ժամանակ սկզբունքորեն հակառակն է ասել դիմակների հետ կապված, և այսօր պաշտոնապես հայտարարել է՝ ընդունում է, որ դիմակները պետք է լինեն պարտադիր»,- նշեց վարչապետը։

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադառնալով դիմակների գներին՝ նշեց, որ դիմակներն էժանանում են, սակայն այլ խնդիր կա։

«Կան դիմակներ, որոնք երկու ամիս առաջ են ներկրվել՝ թանկ գնով, և հիմա ունենք դիմակների պրոֆիցիտ, այսինքն՝ ավելի շատ դիմակ ունենք, քան վաճառվում է: Անգամ 60 դրամով Հայաստանից մեկ անգամ արտահանում է կատարվել: Հիմա մենք երկու խնդրի առաջ ենք կանգնել. եթե չենք թողնում դիմակների արտահանումը, ապա տնտեսվարողները ստիպված են լինելու միգուցե վնասով, ավելի էժան վաճառել: Իսկ եթե թողնում ենք արտահանումը, ապա տեղական արտադրության դիմակը մնում է 60 դրամ, իսկ դրսից ներկրվածը մի փոքր թանկ: Նոր խմբաքանակը սպասվում է մոտ մեկ ամսից, որը ենթադրում է, որ գինը էլի կնվազի»,- ասաց Գեղամ Գևորգյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց՝ երբ սկզբնական շրջանում աշխարհում կար դիմակների դեֆիցիտ, իսկ Հայաստանում դիմակների գները 200 դրամից ավելի էին, այդ ժամանակ խնդիր կար այնպես կառավարել իրավիճակը, որ գոնե առողջապահական հիմնարկների համար հնարավոր լինի դիմակ ձեռք բերել:

Երկրորդ փուլում,  ըստ նրա, երբ դիմակները թանկ էին, սակայն այն կրելը պարտադիր դարձրեցին, սակայն հասկանում էին, որ գները բարձր են, այդ ժամանակ ասացին, որ կարելի է կրել նաև կտորից դիմակներ:

«Հիմա երբ կա դիմակների գնանկում և պրոֆիցիտ, ապա կարող ենք անցնել երրորդ փուլին՝ մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել, որ կրեն բացառապես գործարանային արտադրության դիմակ: Այսօր շուկայում երբ նայում ենք դիմակների սպառման ծավալաները, կարող ենք արձանագրել, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը գործարանային արտադրության դիմակ չի կրում: Նաև ասել ենք, որ գործարանային արտադրության դիմակներն իրենց կանխարգելիչ նշանակությամբ շատ ավելի օգտակար են»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: