երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պարզվել է Արագած սարում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը. նրանք հասակակիցներ էին

Պարզվել է Արագած սարում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը. նրանք հասակակիցներ էին

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է սեպտեմբերի 9-ին Արագած գյուղի վարչական տարածքում՝ սարամիջյան ճանապարհին, խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ЗИЛ մակնիշի բեռնատարը վարել է Մեծամոր քաղաքի բնակիչ, 59-ամյա Պողոս Ալեքսանյանը, ով տեղում մահացել էր: Տեղում մահացել էր նաև ուղևոր, Տարոնիկ գյուղի բնակիչ, 59-ամյա Ռաֆիկ Օզմանյանը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 9-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 14։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արագած գյուղի վարչական տարածքում՝ գյուղից մոտ 2.5-3 կմ հեռավորության վրա գտնվող սարամիջյան ճանապարհին, ЗИЛ մակնիշի բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր շրջվել է, և կան կասկածներ, որ մեքենայի տակ քաղաքացիներ կան

Փրկարարները օպերատիվորեն ժամանած բժիշկների և ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ դարձի էին բերել ավտոմեքենան և այնտեղից դուրս են բերել 2 դի, որոնք շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվեցին «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

 

  • Կիսվել: