ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պարեկները Երևանում իրականացրել են «Էշն ի՞նչ գիտի՝ նուշն ինչ է» օպերացիա. Սարիթաղցի «նիվիստը» հայտնաբերվեց «Տեցի կռուգում»

Պարեկները Երևանում իրականացրել են «Էշն ի՞նչ գիտի՝ նուշն ինչ է» օպերացիա. Սարիթաղցի «նիվիստը» հայտնաբերվեց «Տեցի կռուգում»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 9-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանի կարգադրությամբ Երևանում իրականացվել է հատուկ օպերացիա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերացիան կրել է «Էշն ի՞նչ գիտի՝ նուշն ինչ է» անունը, և այն կապված է այն փաստով, որ երեկ համացանցում լուսանկարներ էր հրապարակվել, թե ինչպես է «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չարամտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենայով հայտնվել Նոր Նորք վարչական շրջանում գտնվող սրճարաններից մեկում ու այնտեղ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ՝ ավտոմեքենան կայանել, ինչը խոչընդոտ է հանդիսացել նաև քաղաքացիների ազատ տեղաշարժի համար։ 

Հրապարակումից կարճ ժամանակ անց Ա. Ումրշատյանի կարգադրությամբ Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանի հանձնարարականով նույն գնդի 2-րդ գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավոությամբ անցան գործի. պետք է կարճ ժամանակում հայտնաբերվեր օրինախախտ «Նիվան»։  

Ի վերջո, մի դասաժամի չափ չանցած՝ մոտ 45 րոպեի ընթացքում, պարեկները «հերոսի» «Նիվան» նկատում են Արցախի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Տեցի կռուգում», ու արդեն կարճ ժամանակում ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի գնդի հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդն էլ ենթարկվում է վարչական պատասխանատվության։  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին՝ չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում, անկախ օրինախախտի զբաղեցրած դիրքից, պաշտոնից, վարած ավտոմեքենայի մակնիշից, ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպում էլ ավտոմեքենան տեղափոխվելու է պահպանվող հատուկ տարածք։  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Նիվան» վարել է Երևանի բնակիչ՝ 21-ամյա Վահագն Միլիտոնյանը։

  • Կիսվել: