ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փախստականների խնդիրները լուծելու համար բոլոր պատկան մարմինները պետք է համախմբեն իրենց ուժերը. պատմաբան

Փախստականների խնդիրները լուծելու համար բոլոր պատկան մարմինները պետք է համախմբեն իրենց ուժերը. պատմաբան

«Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողովին, որն անցկացվում է ապրիլի 29-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, պատմաբան, Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Արգամ Այվազյանն ասաց՝ փախստականների խնդիրները շատ են, և դրանք լուծելու համար բոլոր պատկան մարմինները պետք է համախմբեն իրենց ուժերը:

 Նա հիշեցրեց, որ ժամանակին հանրապետությունում Փախստականների հատուկ կոմիտե է գործել, սակայն հետո լուծարվել է: «Այնտեղ ամբարված էին ադրբեջանահայության և տարբեր տարիներին այլ տեղերից փախստականների տվյալները և այլն: Լուծարումից հետո չգիտեմ պահպանվե՞լ են տեղեկությունները, թե՞ ոչ»,-ասաց նա և հավելեց, որ հայ փախստականներին փոխհատուցում չի տրվել:
 
Այվազյանը վստահ չէ, սակայն հիշում է, որ ԽՍՀՄ-ի վերջին որոշումներից մեկով Հայաստանին և Ադրբեջանին հանձնարարվել էր փախստականների վերաբերյալ փոխհատուցումը կատարել: Հայաստանը դա արել է, իսկ Ադրբեջանը՝ ոչ:  
 
«Նորից պետք է գործընթաց սկսել, քանի որ Ադրբեջանը անցած ու վերջին տարիներին աշխարհով մեկ քարոզչական մեքենան է գործի դրել: Նրանք լուծում են գիտական, մշակութային, դիվանագիտական և այլ խնդիրներ, իսկ Հայաստանը երբեմն ելույթներ է ունենում կամ նման համաժողովներ կազմակերպում, որոնք չեն կարող լիարժեք դրական ընթացք ապահովել: Պետք է պատասխանատու կազմակերպությունները համախմբեն գիտական ու քաղաքական այն ուժերին, որոնք այդ ուղղությամբ աշխատել կամ աշխատում են՝ հարցը լուծելու համար»,-հավաստիացրեց Արգամ Այվազյանը:
 
Ադրբեջանում հայերի ջարդերի մասին Միացյալ Նահանգներից առցանց խոսեց ամերիկահայ գրող, ջարդերի ականատես, աստվածաբան Աննա Աստվածատուրյան-Թերքոթը, որը Բաքվի ջարդերի ժամանակ կարողացել է փրկվել ընտանիքի հետ։
 
«Իմ ծնողները ծնվել են Բաքվում, ես և եղբայրս՝ նույնպես։ Իմ ընտանիքը վերջին 100 տարվա ընթացքում տեսել է մարդկության դեմ իրականացված երեք ցեղասպանություն։ Լավ հիշում եմ 1990 թվականի այն օրը, երբ Բաքվից մենք փախանք Երևան, սակայն իմ մանկությունը ոչնչացվեց ավելի վաղ, երբ 1988 թվականի փետրվարին Սումգայիթում սպանեցին անմեղ հայ խաղաղ բնակչությանը, և այդ ամենը մի քանի ամիս շարունակվեց նաև Կիրովաբադում»,-պատմեց Աննա Աստվածատուրյան-Թերքոթը։
 
Նրա խոսքով՝ իրենք ամիսներով թաքնվում էինք տանը՝ հույս ունենալով, որ այդ ամենը կավարտվի։ «Իմ հայրը, չնայած բոլոր դժվարություններին, պատրաստ էր թողնել ամեն ինչ և դուրս գալ Բաքվից՝ աշխատանք գտնել Խորհրդային Միության մեկ այլ երկրում։ Իսկ մայրս չէր կարծում, որ ինտելեկտուալ Բաքվում մեզ հետ կարող էր վատ բան պատահել։ Սակայն մի օր նրա հետ ինչ-որ բան պատահեց, մենք չգիտենք՝ ինչ, որովհետև նա տուն եկավ ու ասաց՝ պետք է մեկնենք։ 1990 թվականի սեպտեմբերին մենք ամեն ինչ թողեցինք Բաքվում և հեռացանք»,-նշեց Աստվածատուրյան-Թերքոթն ու շեշտեց՝ շատ լավ հիշում է իր հարազատներից այն մարդկանց, որոնց ադրբեջանցիները սպանել են:
 
Աստվածատուրյան-Թերքոթն ընդգծեց, որ տարիներ առաջ աշխարհն իր մասին չգիտեր, չգիտեր, որ ջարդերից փրկված մարդիկ կան, իսկ այսօր ապրում է Միացյալ Նահանգներում, ճանաչված քաղաքագետ է, բանկի նախագահ, որը փորձում է ամբողջ աշխարհին ներկայացնել այն, ինչ տեղի է ունեցել իրենց հետ։
 
«Քանի դեռ ապրում եմ, պետք է օգնեմ Արցախին ու Հայաստանին։ Միայն մեկ բան կասեմ՝ երբ մեզ Բաքվում սպանում էին, չէին հարցնում՝ ինչ լեզվով ենք խոսում, ինչպես ենք պատրաստում, որտեղ ենք ծնվել, մեզ սպանում էին, որովհետև մենք հայ էինք։ Բաքվի հայ փախստականների խնդիրը նույն հայության խնդիրն է, դա հայկական պատմություն է։ Արցախի խնդիրը, շրջափակված Արցախը նույնպես հայկական, հայության հարցն է»,- եզրափակեց Աննա Աստվածատուրյան-Թերքոթը։

  • Կիսվել: