հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Փակ դահլիճում դիմակ չեմ կրել, սխալ եմ արել և հիմա խնդրում եմ բոլորիդ կրել դիմակ ԱԺ դահլիճում․ Արարատ Միրզոյան

Փակ դահլիճում դիմակ չեմ կրել, սխալ եմ արել և հիմա խնդրում եմ բոլորիդ կրել դիմակ ԱԺ դահլիճում․ Արարատ Միրզոյան

Այսօր Ազգային ժողովում դիմակ կրել-չկրելու շուրջ բանավեճ ծավալվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էմդոն Մարուքանի միջև։

ԱԺ նախագահը, որը ամբիոնին մոտեցել էր դիմակով, հայտարարեց, որ նիստերի դահլիճում դիմակ չկրելու համար պատգամավորների նկատմամբ պատասխանատվություն է կիրառելու՝ ընդհուպ մինչև մեկ օրով դահլիճից հեռացնելը։ Մարուքյանը դիմադրեց՝ ասելով, որ հարմար չէ դիմակով խոսելը և ավելին՝ պատգամավորին պատասխանատվության ենթարկելը օրինական չէ, նույնիսկ՝ հակասահմանադրական։

«Պարետի որոշումները կիրարկելու համար պատգամավորի նկատմամբ այդ նախազգուշական միջոցները գործի դնելը օրինական չէ։ Դուք չեք կարող։ Բոլորս կողմ ենք դիմակ կրելուն, փակ տարածքներում դիմակ ենք կրում, բայց խոսելու ժամանակ հնարավոր չէ»,- հայտարարեց Մարուքյանը։

Ի պատասխան Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ինքը եղել է մի իրավիճակում, երբ փակ տարածքում դիմակ չի կրել, ինչը հասկանում է, որ սխալ է։ «Ուզում եմ բոլորիդ և մեր քաղաքացիների համար հայտարարել, որ սխալ եմ արել, մտածել եմ հանդիսավոր պահ է, Արցախի նախագահի երդմնակալության արարողությունն է, փակ դահլիճում չեմ կրել դիմակ։ Բայց ուզում եմ խոստովանել, որ սխալ է», հայտարարեց Միրզոյանը։

Ինչ վերաբերում է Մարուքյանի պնդմանը, թե պատգամավորի նկատմամբ անօրինական է պարետի որոշումը չկատարելու համար պատասխանատվության կիրառումը, Միրզոյանն ասաց, որ դա անհատական պատասխանատվության հարց է․

«Հարցը ունի երկրորդ շերտը, երրորդ շերտը՝ քաղաքացիներին օրինակ ծառայելու, մեր հարազատների անվտանգության մասին մտածելու շերտը և այլն, և այլն։ Ես ուզում եմ վերահաստատել, որ ես կիրառելու եմ այդ նախազգուշական միջոցները, չեմ ամաչում խնդրում եմ բոլորիդ կրել դիմակ Ազգային ժողովի դահլիճում։ Սա ընդունեք որպես խնդրանք։ Նախազգուշական միջոցներկիրառվելու են և սա խնդրում եմ չդիտարկել որպես մարտահրավեր կամ համարձակությունների չափում միմյանց նկատմամբ»։

Նշենք, որ առանց դիմակի ԱԺ դահլիճում նստած պատգամավորները Լուսավոր Հայաստանից էին և ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը։

  • Կիսվել: