Ոստիկանությունը փնտրում է արցախցի Անահիտի խանութից գողություն կատարած երիտասարդին․ տեսանյութ
Արցախից բռնի տեղահանված Անահիտը իր ընտանիքով այժմ վարձով բնակվում է Երևանի Շենգավիթ համայնքում։ Թեև մասնագիտությամբ Անահիտը բուժքույր է, սակայն ընտանիքի կարիքները փոքրիշատե հոգալու, բնակվարձը տալու համար որոշել են իրենց փոքրիկ բիզնեսը հիմնել՝ Գարեգին Նժդեհ 30 հասցեում բացելով հագուստի խանութ։
Անահիտը չի դժգոհում, աշխատելով կարողանում են ծայրը ծայրին հասցնել, եթե չլինեն խանգարողներ և ստահակներ, որ աշխատելու փոխարեն գերադասում են այլոց աշխատանքը գողանալով գոյատևել։
«Վերջերս ինձ համար մի սահմռկեցուցիչ դեպք տեղի ունեցավ, մի առողջ, ամրակազմ երիտասարդ շատ հանգիստ, օրը ցերեկով մոտեցավ և, խանութի մուտքի մոտ տեղադրած մանեկենի վրայից հանելով վաճառքի համար նախատեսված վերարկուն, նույնքան հանգիստ այն թևի տակ դնելով հեռացավ։ Մի ծեր կին էր նկատել, մինչև աստիճաններով բարձրացավ խանութ, մեզ ասաց, որ վերարկուն գողացել են, երիտասարդը արդեն անհետացել էր։
Իհարկե, մենք իսկույն դիմեցինք Ոստիկանություն, տրամադրեցինք տեսախցիկի տվյալները, մի քանի անգամ մեզ կանչեցին ինչ որ ցուցմունքներ տալու, բայց դեռ գործը տեղից չի շարժվում։ Ոստիկանությունում ասացին, որ նույնիսկ ստահակին հայտնաբերելու դեպքում էլ, հնարավոր է նա վնասը չփոխհատուցի, ուղղակի քրեական պատիժ կկրի։ Դե ինչ արած թեկուզ այդպես, գոնե կիմանանք, որ այլոց չի կարողանա վնասել»,- հուզված պատմում էր Անահիտը, շեշտելով, որ խնդիրը ոչ այնքան ֆինանսական հարթության մեջ է, որքան բարոյահոգեբանական։
«Հասկանում եք, էնքան սթրես ենք ապրել, որ արդեն մի փոքր բան հունից հանում է, շատ դժվար է այս ամենին դիմանալը․․․»