շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ոստիկանությունը ակնհայտ անհամաչափ ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ. պատգամավոր

Ոստիկանությունը ակնհայտ անհամաչափ ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ. պատգամավոր

Այս պահի դրությամբ կա բերման ենթարկված 35 անձ՝ Նոր Նորքի, Կենտրոնի,Քանաքեռ-Զեյթունի և Էրեբունու ոստիկանական բաժանմունքներում: Պահանջը նույնն է՝ վարչական տուգանք ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մասով։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը, որը պատգամավոր Արման Աբովյանի հետ այցելել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ոստիկանության Կենտրոնի և Նորքի բաժանմուքներ բերման ենթարկված քաղաքացիներին:

Նա, մասնավորապես, նշել է. «Ոստիկանությունը ակնհայտ անհամաչափ ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ, կադրերից երևում է, որ բռնության է ենթարկվել «Երկիր Մեդիայի» օպերատորը:

Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը պարզապես անթույլատրելի է և խստորեն դատապարտելի:

Նիկոլ Փաշինյան մի պառակտի՛ր ժողովրդին, հեռացի՛ր անցնցում:

Մենք կորցնելու Հայրենիք չունե՛նք, ժողովրդին հնարավորություն տուր փրկել սեփական արժանապատվությունը»,- գրել է Իսայանը:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ էին անում։ Մի խումբ քաղաքացիներ փակել էին Մաշտոցի պողոտան, ակցիայի մասնակիցները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Բերման է ենթարկվել 35 քաղաքացի:

  • Կիսվել: