երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
«Ոստիկանները ստիպված են եղել ուժ կիրառել». ՀՀ նախագահը` նախօրեին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածի մասին

«Ոստիկանները ստիպված են եղել ուժ կիրառել». ՀՀ նախագահը` նախօրեին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածի մասին

ԱԺ շենքի մոտ հունիսի 12–ին ոստիկանները ստիպված են եղել ուժ կիրառել, քանի որ «Տավուշը հանուն հայրենիքի» ակցիայի կազմակերպիչները լրիվ այլ տրամաբանության մեջ են գործել։ Այս մասին, այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` անդրադառնալով ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» ակցիայի մասնակիցների միջև բախումներին, որի ժամանակ ոստիկանները լուսաձայնային նռնակ էին կիրառել։

«Ամեն ինչ պետք է տեղի ունենա իրավական դաշտում, օրենքի շրջանակներում, և մենք շատ անգամներ զգուշացրել ենք այն մարդկանց, որոնք կազմակերպել են միտինգները` զե՛րծ մնացեք ավելորդ լարվածությունից, առավել ևս, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ օրինազանցություն մի՛ արեք: Բայց, ցավոք սրտի, իրենց պահվածքն այլ էր, և ուժային կառույցները ստիպված էին անել այն գործողությունը, որը պարտավոր էին անել»,–ասաց Խաչատուրյանը։

Նա վստահեցրեց, որ իշխանությունը, օրենսդիր և գործադիր մարմինները, հակված չեն որևէ քաղաքացու ուժով կարգի հրավիրելու. «Իմ խնդրանքն է, որպեսզի մարդիկ մեզ և ոստիկանությանն այդպիսի իրավիճակի առաջ չդնեն։ Մենք` որպես ժողովրդավարական երկիր, ուզում ենք` ամեն ինչ տեղի ունենա օրենքի շրջանակում։ Ցավոք սրտի, այսօրվա միտինգի կազմակերպիչները լրիվ այլ տրամաբանության մեջ են աշխատում։ Իրենց երեւի չի բավարարում, որ երկրում վիճակը խաղաղ է»։

  • Կիսվել: