հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Որպես Սյունիքից ընտրված պատգամավոր՝ արել եմ և անում եմ հնարավորը, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները բնակություն հաստատեն Սյունիքում. Դանիելյան

Որպես Սյունիքից ընտրված պատգամավոր՝ արել եմ և անում եմ հնարավորը, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները բնակություն հաստատեն Սյունիքում. Դանիելյան

Որպես Սյունիքից ընտրված պատգամավոր, գիտակցելով Սյունիքի առջև ահագնացող սպառնալիքները, ես արել եմ և անում եմ հնարավորը, որպեսզի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները բնակություն հաստատեն Սյունիքում՝ հատկապես, ԱՅՈ՛, սահմանամերձ գյուղերում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը:

«Այսօր շատ պոպուլյար է այն խոսույթը, թե «պետք է հասկանալ, որ արցախից բռնի տեղահանված մարդիկ այլևս չեն ուզում տեսնել նույն վտանգները, չեն ուզում վերապրել նույն պատերազմը ևս մեկ անգամ, հետևաբար պետք չէ մարդկանց տանել և բնակեցնել սահմանամերձ գյուղում»: Այս էմոցիոնալ նարատիվը մեդիա դաշտում տարածում են գրեթե բոլորը. հոգեբանները՝ մտահոգությամբ, գործիչները՝ լալահառաչ, փորձագետները ՝ անիմաստ:

Թվում էր, թե այսքան արհավիրքներից հետո պետք է թողնեինք վուլգար պաթոսը և վերջ տայինք պատմական հավկուրությանը: Սակայն մենք հաստատուն ենք մեր մոլորությունների մեջ և անկասելի մեր սխալներում: Իրատես լինելու փոխարեն մենք փորձում ենք ականջահաճո հայտարարություններ անել, որոշ ժամանակ թմրեցնել մարդկանց, իսկ հերթական արհավիրքի արդյունքում ամենամյա գարնանա-աշնանային հայրենասիրական հոգեխանգարմունքի սրացումներով լցնել հրապարակը և պահանջել մեծ Հայրենիք:

Իսկ իրականությունը այն է, որ Սյունիքը պետք է բնակեցվի հնարավորինս խիտ, սահմանամերձ համայնքների դպրոցներում չպետք է սովորեն լավագույն դեպքում 4 կամ 6 աշակերտ: Պատերազմ տեսած, պատերազմական իրավիճակում իրենց դրսևորած քաղաքացիները պետք է ապրեն ու աշխատեն Սյունիքում: Մի շարք թիրախային ծրագրերով պետք է խրախուսենք մարդկանց ապրել սահմանամերձ գյուղերում, ուժեղացնել սահմանը, քանի որ պետությունը մեծ ներդրումներ է անում հենց Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում: Երկիրը զենքով չեն պահում, երկիրը ապրելով են պահում»,-նշել է նա:

  • Կիսվել: