շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Օրենսդրական նոր փաթեթով կվերանայվի հաշմանդամություն ունեցող անձանց կարգի տրամադրման համակարգը

Օրենսդրական նոր փաթեթով կվերանայվի հաշմանդամություն ունեցող անձանց կարգի տրամադրման համակարգը

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման, նրանց տրամադրվող աջակցության, միջավայրի բարելավման ուղղությամբ առաջիկայում զգալի բարեփոխումներ են սպասվում: Խորհրդարանի կողմից օրերս  ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» և այլ հարակից փաթեթը նախատեսում է մի շարք փոփոխություններ տարբեր ուղղություններով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, մանրամասնելով նախագիծը, նշեց, որ  հաշմանդամություն ունեցող անձինք այդուհետ ոչ թե առաջին, երկրորդ կամ երրորդ կարգ կստանան, այլ կսահմանվի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան՝ թեթև, միջին, ծանր և խոր:

«Նոր փոփոխություններով մենք պետք է գնահատենք անձի ֆունկցիոնալությունը՝ հաշվի առնելով նրա առողջական, մտավոր հնարավորությունները, միջավայրային արգելքների փոխազդեցությունները: Նպատակն այն է, որ կարողանանք անձին ապահովել տվյալ միջավայրում հնարավորինս լայն ներառում՝ ըստ իր սահմանափակումների»,-ասաց  Տաթևիկ Ստեփանյանը:

Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար փոփոխություններ են նախատեսվում անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագիտական խմբերի ձևավորման գործում: Այլևս գոյություն չեն ունենալու  մշտական խմբեր: Կլինի մասնագետների տվյալների ռեեստր, որտեղից էլ ձևավորվելու է մասնագիտական խումբն անձի ֆունկցիոնալության գնահատման օրվանից մեկ օր շուտ: Դա ենթադրում է, որ ոչ թե մշտական գործող խմբեր են լինելու, այլ ամեն դեպքի հետ կապված տարբեր խմբեր են ձևավորվելու: Դրանից բացի, մինչ այդ գործող բոլոր աջակցման կարգերը պահպանվում են՝ լինի դեղորայքի տրամադրում, բժշկական ծառայությունների արտոնություն, ֆինանսական աջակցություն և այլն:

Օրենսդրական փաթեթում առանցքային տեղ է զբաղեցնում մատչելի միջավայրին վերաբերող հարցը: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում հանրային նշանակության շենք շինություններ, տրանսպորտային համակարգեր պետք է հարմարեցված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց: Այստեղ անհրաժեշտ է լինելու այլ գերատեսչությունների ներգրավվածությունը նույնպես: Օրենքի պահանջը չկատարելու դեպքում սահմանվելու են տուգանքներ, մեկ տարի անց խախտումը չշտկելու դեպքում ավելի մեծ չափով տուգանքներ են լինելու: Նախարարի տեղակալն ընդգծեց, որ իրենց նպատակը տուգանելը չէ, մինչ այդ իրազեկման լայն արշավներ են իրականացվելու:  

Օրենքը նախատեսում է նաև անձնական օգնականի ինստիտուտ: Կարիքների գնահատումից հետո անձնական օգնականին տրամադրելու է պետությունը որպես ծառայություն:

Նախարարի տեղակալը նշեց, որ օրենքի ընդունումը հիմնաքարն է, որին հաջորդելու են ինչպես ենթաօրենսդրական ակտեր, իրազեկման աշխատանքներ, ծառայությունների ընդլայնում, վերահսկողություն և այլն:

  • Կիսվել: