հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
 Oրենսդրական բարեփոխումներ` մթնոլորտային օդի պահպանության ոլորտում

Oրենսդրական բարեփոխումներ` մթնոլորտային օդի պահպանության ոլորտում

Կառավարության այսօրվա նիստին հավանության արժանացավ Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված ««Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը։
 
Նախագծի նպատակն է իրավական հենքի ստեղծման միջոցով ապահովել մթնոլորտային օդի պահպանության արդյունավետ կառավարումը` ժամանակակից մոտեցումներին համապատասխան և կայուն զարգացման համատեքստում:
Օրենքը հիմնովին լրամշակվել է:
 
Այսպիսով, օրենքի նախագծով՝
 
 Ավելացվել են մի շարք հասկացություններ, որոնք կիրառվում են այլ երկրներում՝ օդի որակի գնահատման համար: Ավելացվել են դրույթներ, կապված արտանետումների տեխնիկական նորմավորման, արտանետումների հաշվառման, լիազորությունների բաշխման և այլնի հետ:
 
 Ամրագրվել են մթնոլորտային օդի պահպանության ժամանակակից մոտեցումները, մասնավորապես՝
 
մթնոլորտային օդի որակի գնահատման մասով.
«կրիտիկական մակարդակ» հասկացությունը, ինչպես նաև դրա որոշման մեթոդները, կիրառումն, աղտոտվածության մոնիթորինգի և վերահսկողության լիազորությունների սահմանումը,
 
 անշարժ աղբյուրներից արտանետումների սահմանափակման մասով.
«տեխնիկական նորմատիվների» և «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» որոշման մեթոդների կիրառումը,
 
 շարժական աղբյուրներից արտանետումների սահմանափակման մասով.
արգելքի պահանջները և դրանք կիրառելու իրավասությունները:
 
 արտանետումների հաշվառման մասով.
վնասակար նյութերի և ջերմոցային գազերի արտանետումների (անշարժ և շարժական աղբյուրներից) միասնական հաշվառման, այդ թվում՝ ջերմոցային գազերի ցանկի, ջերմոցային գազերի գույքագրման դրույթը:
 
 Կներդաշնակեցվեն աշխարհում ընդունված և ներկայումս երկրում գործող օդի որակի գնահատման չափանիշները, արտանետումների սահմանափակման նպատակով և զարգացած երկրներում լայնորեն կիրառվող «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման պահանջարկը: Այն ավելի արդյունավետ կդարձնի մթնոլորտային օդի պահպանության կառավարումը, և կնպաստի միջազգային պայմանագրերով ամրագրված պարտավորությունների պատշաճ կատարմանը:
 
 Կապահովվի գործող ոլորտային ներպետական և Եվրոպական Միության ոլորտային օրենսդրության ներդաշնակեցում:

  • Կիսվել: