շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Որ սոցիալական խմբերը ինչ օգնություն կստանան․ Հստակեցրել է նախարարը

Որ սոցիալական խմբերը ինչ օգնություն կստանան․ Հստակեցրել է նախարարը

Կառավարության հակաճգնաժամային 4-րդ ծրագիրը, որը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող և գրանցված աշխատանքից ազատված քաղաքացիներին, ընթացքի մեջ է, այսօր հայկական միասնական կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նա ներկայացրեց, որ այս ծրագրին դիմելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է մուտք գործել www.online.ssa.am ինտերնետային կայքէջ, մուտքագրել տվյալները և տեսնել՝ արդյոք ծրագրի շահառու են հանդիսանում թե ոչ։ Եթե քաղաքացին շահառու է, ապա պետք է անձնագրով մոտենա բանկ և ստանա գումարը։

«Այս միջոցառման շահառուների ցանկը լրացվում է, հավանաբար վաղը կունենանք նոր ցանկ»,- նշեց նախարարը:

Ինչ վերաբերում է կառավարության հակաճգնաժամային 6-րդ ծրագրին, որը վերաբերում է մասնավոր սեկտորում գրանցված աշխատանքից ազատվածներին, ապա այն ընդգրկում է 6723 շահառուի:

7-րդ ծրագիրը վերաբերում է այն հղի կանանց, որոնք չեն աշխատում, իսկ նրանց ամուսինը կամ մարտի 13-ից 30-ը ազատվել է աշխատանքից կամ մարտի 30-ի դրությամբ չի աշխատել։ Այս ծրագրի շահառու են 5957 քաղաքացիներ, սակայն ցանկը համալրվում է։

8-րդ ծրագիրը վերաբերում է տուժած ոլորտներում գրանցված աշխատողներին, որոնք ստեղծված իրավիճակի բերումով աշխատանքի չեն հաճախում։ Այս ծրագիրը մեկնարկել է երեկ և դրա շահառուների վերաբերյալ Բաթոյանն ասաց, որ մի քանի ժամվա ընթացքում ավելի քան 45 հազար օնլայն դիմում է ստացվել ֆիզիկական անձանցից։ Այդ դիմումներից 27 հազարը հաստատվել է և արդեն այսօր այդ անձինք կարող են ստանալ իրենց գումարները։
9-րդ ծրագիրը, որը մեկնարկել է երեկ, վերաբերում է այն երեխաներին, որոնց ծնողները չեն աշխատում։

«Այս ծրագրի շահառուների ցանկը համալրվում է», -ասաց Բաթոյանը։

Նախարարը նաև շեշտեց, որ ժամանակավորապես դդարեցվել է օն լայն դիմումների ընդունման գործընթացը, քանի որ կայքը եղել է ծանրաբեռնված։

«Մի քանի ժամով աշխատանքը դադարեցրել ենք, որպեսզի կարողանան ստացված դիմումներն ի մի բերել։ Մի քանի ժամից կայքի աշխատանքները կվերսկսենք», -ասաց նախարարը։

  • Կիսվել: