երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Որ դեպքերում կպահպանվի վարժական հավաքների մասնակիցների աշխատավարձը. նոր օրենսդրական նախաձեռնություն

Որ դեպքերում կպահպանվի վարժական հավաքների մասնակիցների աշխատավարձը. նոր օրենսդրական նախաձեռնություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում:

Մասնավորապես՝ օրենսգքի 124-րդ հոդվածը կլինի հետևյալ կերպ.

՛՛Հայտարարված վարժական հավաքներին 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետով աշխատողին ներգրավելիս աշխատողի աշխատավարձը պահպանվում է աշխատողի և գործատուի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում, սակայն ոչ պակաս, քան վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար հաշվարկված աշխատողի միջին օրական աշխատավարձի 50 տոկոսի չափով՛՛:

Հիմնավորման մեջ նշված է, որ այսուհետ հայտարարված վարժական հավաքներին յուրաքանչյուր պահեստազորայինի տարվա ընթացքում ներգրավել առավելագույնը 25 օրացուցային օր ժամկետով, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել վերանայելու նաև վարժական հավաքների կանչված աշխատող պահեստազորայինների՝ հիմնական աշխատանքի վայրում վարձատրության հետ կապված կարգավորումները: Խնդիրն առավել արդիական է դառնում այն պահեստազորայինների մասով, որոնց հիմնական աշխատավայրում ստանում են բարձր աշխատավարձ:

Այդ նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ օրենքի 59-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների համաձայն վարժական հավաքի ընթացքում քաղաքացուն հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը, առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանել, որ հայտարարված վարժական հավաքներին 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետով աշխատողին ներգրավելիս աշխատողի աշխատավարձը պահպանվում է աշխատողի և գործատուի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում, սակայն ոչ պակաս, քան վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար հաշվարկված աշխատողի միջին օրական աշխատավարձի 50 տոկոսի չափով:

Բացի այդ, ըստ նախագծի հեղինակների, այս կարգավորումը հնարավորություն կտա մի կողմից՝ վարժական հավաքներին մասնակցող աշխատողի մասով՝ բարձր աշխատավարձ ստանալու դեպքում համապատասխան չափով պահպանված աշխատավարձի և հաշվարկվող պաշտոնային դրույքաչափի ընդհանուր գումարը հնարավորինս մոտարկել բարձր աշխատավարձի չափին, և մյուս կողմից՝ մեծ բեռ չի հանդիսանա գործատուի համար:

  • Կիսվել: