երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Աբովյանում կառուցվող էլիտար շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Աբովյանում կառուցվող էլիտար շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 2-րդ բրիգադը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի «Շախմատի դպրոցի» մոտ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը, բաժնի պետ Էդմոնդ Այվազյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ  45-ամյա Լյովա Հ.-ն է, ով նշված տարածքում կառուցվող նորակառույց շենքի 8-րդ հարկում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել մահվան պատճառ: 

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շենքի կառուցապատողը «Էլիտ պրոջեքտ գրուպ» ՍՊԸ-ն է, կապալառուն՝ «Էլիտ պրոջեքտ գրուպ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը ՝ «Մովսես Շինարար» ՍՊԸ-ն, հեղինակային հսկողությունը «Էլիտ պրոջեքտ» ՍՊԸ-ն, շինարարական թույլտվությունը տրված է 08.09.2022 թվականին՝ N308, սկիզբը՝ 12.09.2022, ավարտը՝ 12.09.2024:

  • Կիսվել: