շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ողբերգական դեպք Երևանում. թիվ 188 հիմնական դպրոցում հայտնաբերվել է տղամարդու դի. քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

Ողբերգական դեպք Երևանում. թիվ 188 հիմնական դպրոցում հայտնաբերվել է տղամարդու դի. քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

 Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 24 խումբը կանչով մեկնել է Բեկնազարյան 5 հասցեում գտնվող Գևորգ Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոց, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հարությունյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Գառնիկ Հ.-ն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածն աշխատում էր նշված դպրոցում, որպես պահակ:

  • Կիսվել: