ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ոչ վաղ անցյալում ունեցած մեր քննարկումներն այսօր արդեն իրականություն են դարձել. ՀՀ նախագահը՝ Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրենին

Ոչ վաղ անցյալում ունեցած մեր քննարկումներն այսօր արդեն իրականություն են դարձել. ՀՀ նախագահը՝ Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրեն Ժան Ժակ Դորդենին, որն Հայաստան է այցելել STARMUS VI փառատոնի շրջանակում:

Հանդիպմանը ներկա է եղել նաև STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը:

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հյուրին և ջերմությամբ հիշել անցյալ տարի Երևանում տեղի ունեցած իրենց հանդիպումը, երբ ինքը դեռ զբաղեցնում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը:

«Ոչ վաղ անցյալում ունեցած մեր քննարկումներն այսօր արդեն իրականություն են դարձել և Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արհեստական արբանյակը»,- ասել է նախագահը՝ նշելով, որ դա շատ կարևոր քայլ էր Հայաստանի համար:

Ժան Ժակ Դորդենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ուրախ է վերադառնալ Հայաստան՝ հատկապես STARMUS-ի շրջանակում:

«Այս հիանալի փառատոնը կարողանում է մեկ հարկի տակ հավաքել գիտնականների, երաժիշտների և ամբողջ աշխարհից ժամանած շատ մարդկանց: Այդ բացառիկ համախմբումից է ձևավորվում նորարարությունը»,- նշել է նա:

Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրենը նկատել է, որ Հայաստանը հաստատուն կերպով ջանքեր է գործադրում տիեզերագնացության ոլորտում իր տեղն ու դերն ունենալու համար:

«Այստեղ գտնվելու ընթացքում հանդիպել եմ շատ ուսանողների, որոնք մոտիվացված են և մեծ հետաքրքրություն են ցուցաբերում տիեզերքի հանդեպ: Համոզված եմ, որ դա կնպաստի Հայաստանի կարողությունների և արտադրողականության մեծացմանը, ինչն, անշուշտ, կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար»,- նշել է Ժան Ժակ Դորդենը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել գիտակրթական ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ:

  • Կիսվել: